Միացե՛ք Երեվանի զարգացմանը.

Միասին ստեղծենք մեր Երազանքի քաղաքը

image

19030 ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ

ՄԻԱՑԻ՛Ր ՀԻՄԱ

19030 ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ

ՄԻԱՑԻ՛Ր ՀԻՄԱ

icon icon

Ավարտված քվեարկություններ

icon
Image Description

Ավարտված
քվեարկություններ

Ծանոթացի՛ր Երևանի բնակիչների կողմից ընտրված նախագծերին և քննարկումներին։

Image Description

14.04.2026-20.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Պապ թագավորի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը՝ (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում՝ Սարյան փողոց) անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյան:


Կենսագրական տվյալներ

Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում:

Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին: Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն էր: Կառավարել է ընդամենը 6 տարի: Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունն անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս 364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության: 371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ:

Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն  մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման:

Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ, Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:

Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով և երկրի ինքնավարությւոնը ամրապնդելու նպատակով Պապը, Մուշեղ սպարապետի օգնությամբ, կազմավորում է 90.000-անոց հզոր, մարտունակ բանակ: Հարկ է նշել, որ նրա գահակալման պահին հայկական բանակի թիվը կազմում էր 10.000: Հաջորդ հատկանշական քայլն էր եկեղեցապատկան մեծաթիվ հողերի կրճատումն էր. երիտասարդ ու համարձակ ղեկավարը եկեղեցապատկան 7 հողամասերից 5-ը դարձնում է արքունիքի սեփականություն: Նա նաև կրճատեց վանականների թիվը, նրանցից շատերին պարտադրեց անցնել զինվորական ծառայություն: Պապը հանձն առավ փակել կուսանոցները՝ ի նպաստ բնակչության թվի ավելացման:

Պապի օրոք հայ եկեղեցին անկախություն ձեռք բերեց, և Ներսեսին հաջորդող կաթողիկոսները այլևս օծվում էին Հայաստանում, ոչ թե Կեսարիայում, ինչպես դա տեղի էր ունենում Պապից առաջ:

Իր գահակալության հատկապես վերջին տարիներին Պապը, որը իր նախորդների համեմատությամբ շատ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սկսում է լիարժեք ինքնավար քաղաքականություն տանել՝ չծառայելով Հռոմեական կայսրությանը. նա դիվանագիտորեն դուրս է բերում Հայաստանից հռոմեական կայազորը:

Այս ամենն իհարկե չէր կարող անհետևանք մնալ, արդյունքում Վաղես կայսրին սուտ  լուրեր են հասցնում Պապի գործունեության մասին և վերջինս Պապին հրավիրում է Տարսոն. տեղի հայ պաշտոնյաները զգուշացնում են նրան, որ Վաղեսն այլևս թույլ չի տալու հայոց թագավորին վերադառնալ հայրենիք: Նույն օրվա գիշերը Պապը իր թիկնազորով ճեղքում է քաղաքի պաշտպանությունն ու հասնում Հայաստան: 374 թվականին Պապ թագավորը դավադրաբար սպանվում է հռոմեացիների կողմից խնջույքի ամենաթեժ պահին:

Image Description

10.04.2026-20.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Մխիթար Սեբաստացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցն (զուգահեռ է 1-ին փողոցին) անվանակոչել հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու անվամբ՝ «Մխիթար Սեբաստացու փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան

Կենսագրական տվյալներ

Մխիթար (Մանուկ) Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Սեբաստիայում։ Դեռ վաղ տարիքից Մանուկը երազել է դառնալ քահանա։ Նա գտնում է մի ընկեր, որի հետ փախչում են դեպի լեռները, որտեղ ապրում են որպես ճգնավորներ։ Մանուկի ծնողները գտնում են նրանց և նրան տուն տանում։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկում է վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվում է ծնողների կողմից։ Նա սկսում է այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան է սովորեցնում վանական կյանքի մասին։ 1691թ. Մանուկը վերջապես թույլտվություն է ստանում իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստանում սարկավագի աստիճան։ Հենց այդ ժամանակ նա իր անունը փոխում է՝ դնելով Մխիթար։ Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսում է որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին։ Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշում է, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն է։

Հասնելով Հալեպ, Մխիթարը դառնում է մի կաթողիկոսի աշակերտ, ով իրեն ծանոթացրել է մարդկանց քրիստոնեացման միաբանությանը։ Մխիթարը որոշում է միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդանում է դեղնախտով և ի վիճակի չի լինում շարունակել ճանապարհը։ Նա նաև ստանում է Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ։ Այսպիսով` նրան ստիպում են ոտաբոբիկ վերադառնալ տուն։

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ)։ 1696թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնել է եկեղեցի Կոստանդնուպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնել է Մխիթարյան միաբանությունը։ 1712թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։

1717թ. Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։

Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Մխիթար Սեբաստացին մահացել է 1749թ. ապրիլի 27-ին, Վենետիկում:

Image Description

02.04.2026-21.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Կոստան Զարյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցն (սկսվում է Սիլիկյան հին խճուղուց, հասնում մինչև հ.89/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել գրող, բանաստեղծ, արձակագիր Կոստան Զարյանի անվամբ` «Կոստան Զարյան փողոց»:

Նախագծի հեղինակ՝  Երևանի քաղաքապետարան


Կենսագրական տվյալներ

Հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Կոստան Զարյանը ծնվել է 1885թ. փետրվարի 2-ին,  Շամախի քաղաքում (Ռուսական կայսրություն)։

1890թ.՝ հոր մահվանից հետո, ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

1910-1913թթ. Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։

Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։

1914թ., երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Կոստան Զարյանը` Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին, հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914թ. հունվարից մինչև հուլիս։

1922թ. Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։

1922-1924թթ. համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում, սակայն 1924թ. կրկին մեկնել է Եվրոպա։

1925թ. Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն), ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թվական) գործերը։

1944-1946թթ. հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 

1946թթ. Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։

1952-1954թթ. արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում:

1961թ. ներգաղթել է Հայաստան:

Կ. Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանը ստեղծել է վոկալային երաժշտություն:

Կոստան Զարյանը մահացել է 1969թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում:

Image Description

23.03.2026-06.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Հենրիկ Սիրավյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 4-րդ փողոցն (սկսվում է Դավթաշենի 4-րդ փողոցի հ.1 հասցեի հարակից տարածքից, հատելով Դավթաշենի 1-ին, Պարիս Հերունու և Անդրանիկ Իոսիֆյան փողոցները, հասնում Եղվարդի խճուղի) անվանակոչել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անվամբ՝ «Հենրիկ Սիրավյան փողոց»:

Նախագծի հեղինակ՝  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան


Կենսագրական տվյալներ

Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թվականի դեկտեբերի 18-ին, Երևանում։

1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը:

1954 թվականից մասնակցել է հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա):

1954-1955 թվականներին Լիդիա Դուռնովոյի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին:

1956 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

1958-1966 թվականներին աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակե նկարը (1965), Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն (1966), Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի ճեմասրահում՝ «Հայաստան» եռամաս վիտրաժը։

1962 թվականին արժանացել է մրցանակի համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում (Մոսկվա)՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների համար:

1967 թվականին նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ կատարել է «Հայաստան» պաննոն Դամասկոսի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար: 1968 թվականին՝ Պաննո Բրազիլիայի (Ռիո դե Ժանեյրո) տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար:

1969 թվականին արժանացել է մրցանակի «Պիոներ» մանկական ամսագրի լավագույն նկարչական ձևավորման համար:

1975 թվականին մասնակցել է հինգ նկարիչների ցուցահանդեսի Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում:

1977 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչմանը: 1978 թվականին՝ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատվոգրի: 1982 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ ԱԱՊ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանով:

1993 թվականին անհատական ցուցահանդես է կազմակերպել Երևանում` նկարչի տանը:

Սիրավյանի արվեստին բնորոշ են պատկերի պայմանական ընդհանրացումը, նուրբ քնարականությունը, գուներանգների և կոմպոզիցիայի ներդաշնակումն ու կերպարների վառ արտահայտչականությունը։

Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։

Հենրիկ Սիրավյանը մահացել է 2001 թվականի մարտի 16-ին, Երևանում։

Image Description

23.03.2026-06.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Համլետ Թամազյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցից սկսվող և գերեզմանատան հարակից տարածքով մինչև Էզրաս Հասրաթյան փողոց հասնող ճանապարհահատվածն անվանակոչել վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանի անվամբ՝ «Համլետ Թամազյան փողոց»:

Նախագծի հեղինակ՝  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան


Կենսագրական տվյալներ

Համլետ Թամազյանը ծնվել է 1947 թվականի մայիսի 1-ին, Թումանյանի շրջանի Ուզունլար (այժմ` Օձուն) գյուղում։

Ավարտել է Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան հ.41 հիմնական դպրոցը, 1966-1972 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 

1971-1972 թվականներին եղել է Երևանի № 2 բուժմիավորման բուժակ, 1972-1973 թվականներին` Ալավերդիի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբույժ։ 1973-1978 թվականներին գլխավորել է Ախթալայի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը` միաժամանակ 1977 թվականից եղել է վիրաբուժության գծով շրջանի գլխավոր մասնագետ։ 1978 թվականի հոկտեմբերին ՀԽՍՀ ԱՆ ուղեգրով Թամազյանը մեկնել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ 1978-1980 թվականներին եղել է Ալժիրի Սուկ-Ախրասի քաղաքի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ։ 1983 թվականին ակադեմիկոս Ա.Լ. Միքայելյանի հրավերով տեղափոխվել է աշխատելու ԽՍՀՄ Բժշկական գիտությունների Ակադեմիայի վիրաբուժության Համամիութենական գիտական կենտրոնի (ՎՀԳԿ) երևանյան մասնաճյուղում: Մինչև 1987 թվականը եղել է ԽՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության Համամիութենական գիտական կենտրոնի (ՎՀԳԿ) երևանյան մասնաճյուղի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, առաջատար գիտաշխատող, 1991 թվականից՝ «Հովհաննես Թումանյան» բարեգործական միության համանախագահ, 1991 թվականից՝ «Բանբեր Հայաստանի վիրաբուժության» հանդեսի գլխավոր խմբագիր, 1993-2000 թվականներին՝ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն, 1994 թվականից` Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, նույն թվականից՝ Հայաստանի վիրաբույժների միության համանախագահ, 1998 թվականից՝ «Մանես» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 1993 թվականից՝ Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ (UMAF), Ռուսաստանի վիրաբույժների միության անդամ, 1994 թվականից՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի անդամ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ, 1996 թվականից՝ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ վիրաբուժական մասնագիտական գիտական խորհրդի անդամ, 1996 թվականից՝ Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ընկերության իսկական անդամ, 1997 թվականից՝ Վնասվածքաբանության և անհետաձգելի վիրաբուժական բժշկական օգնության Եվրոպական միության անդամ, 1997 թվականից՝ Վրաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 1997 թվականից՝ «Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ, 1998 թվականից՝ ՀՀ ԱՆ վիրաբուժության Արտոնագրային հանձնաժողովի անդամ, 1998 թվականից՝ Հայաստանի փոխպատվաստաբանների (տրանսպլանտոլոգների) միության նախագահ, 2001 թվականից՝ վերաձևավորված «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ղեկավար։ 

2003-2007 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական, առողջապահական, բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից՝ Կենսոլորտի (էկոլոգիայի), արվեստի և ճարտարապետության Միջազգային ակադեմիայի UNIECOFOR LLC իսկական անդամ (ակադեմիկոս), 2007 թվականից՝ «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության ղեկավար անդամ:

2012 թվականին Օձուն գյուղում տեղադրվել է Համլետ Թամազյանի կիսանդրին (քանդակագործ` Սևո (Սարգիս Ղարիբյան))։

Օձունի բժշկական ամբուլատորիան և փողոցներից մեկը կրում են Համլետ Թամազյանի անունը։

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի առաջին հարկում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Թամազյանի մասին պատմող գրքեր, լուսանկարներ, նրա անձնական իրերը։

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բակում տեղադրվել է Համլետ Թամազյանի կիսանդրին (ճարտարապետ` Արմեն Թադևոսյան, քանդակագործներ` Յուրի և Դավիթ Մինասյաններ):

Հ. Թամազյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով, արժանացել է Ալավերդի քաղաքի և Օձունի պատվավոր քաղաքացի կոչմանը:

Հեղինակ է 231 գիտական աշխատանքների, այդ թվում 12 մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ իրականցվել ու պաշտպանվել է 8 դոկտորական և 37 թեկնածուական ատենախոսություն։

Համլետ Թամազյանը մահացել է 2011թ. փետրվարի 28-ին:


Image Description

23.03.2026-06.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Աբաջյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցն (սկսվում է Նոր Արեշի 3-րդ փողոցից, հատելով 5-րդ, 11-րդ և Էրեբունու փողոցները, ընդհատվում է, ապա Նոր Արեշի 15-րդ փողոցից շարունակվում, հասնում 17-րդ փողոց) անվանակոչել նկարիչ Էդուարդ Աբաջյանի անվամբ՝ «Էդուարդ Աբաջյան փողոց»:

Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան


Կենսագրական տվյալներ

Էդուարդ Աբաջյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 21-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի):

1956 թվականին ավարտել է Լենինականի գեղանկարչական դպրոցը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ստեղծել է կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, խորհրդանշական պատկերներ։

Նրա գործերից են՝ «Սերունդ» (1981 թվական, կոմպոզիցիա), «Ժոկեյներ» (1981 թվական, կոմպոզիցիա, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Շուշիի աղվեսը» (1997 թվական, Նաիրա Սահակյանի դիմանկարը), «Զարթոնք», (Ջերմուկի պատկերասրահ (ՀԱՊ-ի մասնաճյուղ)), «Արարատյան դաշտի առավոտը» (2002), «Լճակ» (2003 թվական, բնանկարներ), «Ժամանակի մեքենա» (2003 թվական, խորհրդանշական պատկեր):

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996, 2003, 2012)։

Աշխատանքները գտնվում են անհատական հավաքածուներում Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Թուրքիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում։ 

Էդուարդ Աբաջյանը մահացել է 2016թ. մարտի 30-ին, Երևանում:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման 17-րդ կետը՝ առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցն (սկսվում է Նոր Արեշի 3-րդ փողոցից, հատելով 5-րդ, 11-րդ և Էրեբունու փողոցները, ընդհատվում է, ապա Նոր Արեշի 15-րդ փողոցից շարունակվում, հասնում 17-րդ փողոց) անվանակոչել նկարիչ Էդուարդ Աբաջյանի անվամբ՝ «Էդուարդ Աբաջյան փողոց»։


Image Description

23.03.2026-06.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Գրիգոր Խանջյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 9-րդ փողոցն (զուգահեռ է Ազատ Շերենցի փողոցին, հասնում է Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի անվամբ՝ «Գրիգոր Խանջյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան


Կենսագրական տվյալներ

Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին, Երևանում։

1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանը և ընտրվել միության ղեկավարման անդամ։ 

1961 թվականին Գրիգոր Խանջյանն արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, իսկ 1963 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 

1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը, իսկ 1969 թվականին, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար, պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ 

Վաստակաշատ նկարիչը 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին՝ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 

1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թվականից՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956թ.), «Երևանի կառուցողները» (1960թ.) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962թ., իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956թ.), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958թ.), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ.), «Սասունցիների պարը» (1975թ.) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ.) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ.), «Հայոց այբուբեն» (1981թ.), «Վարդանանք» (1983թ.) և «Վերածնված Հայաստան» (1994թ.) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ 

Գրիգոր Խանջյանը մահացել է 2000 թվականի ապրիլի 19-ին, Երևանում:


Image Description

02.04.2026-20.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Պոդգորիցայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցն (սկսվում է Այվազովսկու փողոցի կենտրոնական հատվածից, հասնում Խաղաղ Դոնի փողոց) անվանակոչել Պոդգորիցա անվամբ՝ «Պոդգորիցայի փողոց»։


Նախագծի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան։


Տվյալներ

Պոդգորիցան հիմնադրվել է հին ժամանակներում՝ որպես հռոմեական բնակավայր Բիրզիմինիում, որը հետագայում հայտնի դարձավ Ռիբնիցա անունով։ 15-րդ դարից քաղաքը կոչվում է Պոդգորիցա՝ «լեռան տակ գտնվող» նշանակությամբ։

1878 թվականին քաղաքը վերադարձվել է Չեռնոգորիային։ 1945 թվականին դարձել է Չեռնոգորիայի մայրաքաղաքը, իսկ 1952–1992 թվականներին կոչվել է Տիտոգրադ։

1992 թվականին վերականգնվել է Պոդգորիցա անվանումը։

Երևանը և Պոդգորիցան (նախկին անվանումը՝ Տիտոգրադ) քույր քաղաքներ են դեռևս 1974 թվականից։ Ներկայումս Երևանի և Պոդգորիցայի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության նոր համաձայնագիր, որի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Դեռևս 1984 թվականին Երևանի Էրեբունի բնակելի զանգվածի 4-րդ փողոցը վերանվանվել է «Տիտոգրադյան» անվամբ։

Հարցի վերաբերյալ առկա է ՀՀ արտաքին գործերի նախարարության դրական դիրքորոշումը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը Հարավսլավիայի կազմում (1946–1992 թթ.), իսկ ներկայումս անկախ Չեռնոգորիայի մայրաքաղաքը կրում է Պոդգորիցա անվանումը, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 2-ի N 2387-Ն որոշման 16-րդ կետը՝ առաջարկվում է Տիտոգրադյան փողոցն անվանափոխել Պոդգորիցայի փողոց։

Image Description

12.03.2026-27.03.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Արսեն Հակոբյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-ին փողոցը (սկսվում է հ.2/3 հասցեի հարակից տարածքից, հասնում Դավթաշենի 10-րդ փողոց)՝ նրբանցքներով անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Արսեն Հակոբյանի անվամբ՝ «Արսեն Հակոբյան փողոց», «Արսեն Հակոբյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, Դավթաշենի 5-րդ փողոցի մոտով հասնում այգիներ), «Արսեն Հակոբյան փողոց, 2-րդ նրբանցք» (զուգահեռ է Դավթաշենի 1-ին փողոցի 1-ին նրբանցքին):


Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյան, խմբակցության անդամներ՝ Գոհար Բալդրյան, Արմեն Մկրտչյան, Հարություն Մանվելյան:


Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1962 թվականին ք. Երևանում։

1969–1979 թվականներին սովորել է № 93 միջնակարգ դպրոցում։

1980–1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո անցել է աշխատանքի (Պրոֆտեխուսում), ապա գործուղվել է արտադրական միավորումում որպես վարորդ։

1989 թվականին անդամագրվել է Արցախյան շարժմանը և մեկնել է մարտի դաշտ։

1988թ.-ից մասնակցել է Արցախյան շարժմանը։ 

1990 թվականի հուլիսին գրանցվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատում։ Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Կարմիրի, Գորիսի, սահմանամերձ գոտիներում ընդհացող պաշտպանական մարտերին։  1991 թվականի ապրիլից մասնակցել է ԼՂՀ պաշտպանությանը։ Մասնակցել է Հադրությի, Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի շրջանների  պաշտպանությանը։

1992 թվականի հունվարից մասնակցել է Քարվաճառի, Մարտունու, Դաշուշենի, Իշխանաձորի, Հորադիզի, Ջրականի, Լաչինի, Լելե-Թեփեի, Քիրվայի, Լաչինի ազատագրման մարտերին։ 1992 թվականի մայիսի 21-ից հունիսի 10-ը մասնակցել է    Լաչին–Դռնոց = 1 (Դռնոց) հատվածում մարտական գործողություններին։  

1992 թվականի հունիսի 18-ից մասնակցել է Քելբաջարի, Մարտակերտի, Աղդամի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 

1992 թվականի հունիսի 18-ից մասնակցել է Մարտակերտի պաշտպանությանը։

1992 թվականի հուլիսի 3-ին զոհվել է Մարտակերտ–Մատաղիս պաշտպանական գոտում։                                                

Հուղարկավորվել է Հաղարծնի քաղաքային գերեզմանատանը։

1994թ-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահական հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի, 1996թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II-րդ աստիճանի շքանշաններով: 

Image Description

02.04.2026-20.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Աշոտ Սաթյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի  Սիլիկյան 9-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 9-րդ փողոցի հ 17 հասցեից, հասնում՝ Երևանի հ.37 մանկապարտեզի հարակից տարածք) անվանակոչել հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Սաթյանի  անվամբ՝ «Աշոտ Սաթյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան:


Կենսագրական տվյալներ

Հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Սաթյանը ծնվել է 1906թ. հունվարի 5-ին, Մերվ քաղաքում: 

Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Սաթյանը մտել է Կարմիր բանակի շարքերը:

1921-1926 թվականներին եղել է փողային նվագախմբի երաժիշտ, այնուհետև նվագախմբի ղեկավար (կապելմայստեր)։ 

1926-1930 թվականներին սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում (Ա. Մայիլյանի ղեկավարությամբ)։ 

1930 թվականից բնակվել է Երևանում, 1936 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հարո Ստեփանյան, ապա՝ Սարգիս Բարխուդարյան, Վարդգես Տալյան) և դիրիժորական (դասատու՝ Կոստանտին Սարաջև) դասարանները։ 

1930-1939 թթ.՝ եղել է Սունդուկյանի անվան թատրոնի երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-1947թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը։ 

1947-1952թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ:

Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ Գեղամ Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սաթյանի ստեղծագործության առանձնահատկություններից են կոմպոզիտորի սերտ կապը մայրենի ժողովրդական երաժշտության ինտոնացիոն ու ռիթմական հարուստ գանձարանի հետ, մեղեդայնությունը, թեմատիկայի հարստությունը, ձևի և բովանդակության ներդաշնակությունը, երաժշտական լեզվի թարմությունն ու յուրօրինակությունը։ 

1939թ.՝ Աշոտ Սաթյանը  պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1947թ.՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումով, 1956թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1952թ.՝ Ստալինյան մրցանակով:
Աշոտ Սաթյանը մահացել է 1958թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում:


Image Description

30.01.2026-14.02.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Խաչատուր Ավետիսյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի  Սիլիկյան 8-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան 7-րդ փողոց) անվանակոչել հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի  անվամբ՝ «Խաչատուր Ավետիսյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան:


Կենսագրական տվյալներ

Հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Խաչատուր Ավետիսյանը ծնվել է 1926թ. ապրիլի 14-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 

1949 թվականին բնակություն է հաստատել Երևանում ավելի լավ կրթություն ստանալու համար։ Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Սովորել է Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։

1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ քանոնի համար ստեղծագործությունները։

1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Շուրջ 15 տարի աշխատելով այստեղ՝  նա ստեղծել է այդ անսամբլի պարեղանակների մեծ մասը՝ այդ թվում «Կակաչներ», «Քարավան», «Կախարդական ծաղիկներ» և մի շարք այլ պարեր: Այդ տարիներին անսամբլի հետ նա շրջագայել է շուրջ 50 երկիր՝ աշխարհին ներկայացնելով հայ բեմարվեստը: 

Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները։

Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար, ինչպես՝ «Խաթաբալա»-ում։

1974-1978թթ. Խ. Ավետիսյանը եղել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Այստեղ էլ նա կարճ ժամանակում ստեղծել է մի քանի նոր ծրագրեր անսամբլի համար՝ հարազատ մնալով իր ազգային ավանդույթներին:

1978թ. հիմնել է ԵՊԿ ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջ: 

1961թ.՝ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 1965թ.՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին:

Խաչատուր Ավետիսյանը մահացել է 1996թ. հունիսի 27-ին, Երևանում:

Image Description

19.01.2026-02.02.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Նիկիտա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցն (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ՝ «քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան:


Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հայ ընտանիքում: Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի լեգենդ է, ականավոր հարձակվող, մարզիչ և սպորտային ֆունկցիոներ։ Նա սկսել է ֆուտբոլ խաղալ Սուխումում, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ուր դարձել է «Սպարտակի» խաղացող։ Հաջորդող 10 տարիների ընթացքում նա դարձել է շուրջ 160 գոլի հեղինակ՝ համարվելով թիմի լավագույն ռմբարկու: Երեք անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն դիպուկահար, չորս անգամ՝ երկրի չեմպիոն։ 1956 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում նա թիմի ավագն էր և խփել է առաջին գոլն Անգլիայի հավաքականի դարպասին՝ հայկական ազգանունը բարձրացնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհում։ Ֆուտբոլիստի կարիերայից հետո դարձել է ականավոր մարզիչ։ Նրա առաջնորդությամբ 1962 թվականին «Սպարտակը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ «Արարատը» 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ 

    Նիկիտա Սիմոնյանը 1990-ականներից պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում, եղել է ՌՖՄ փոխնախագահ, տեխնիկական կոմիտեի նախագահ, երկիրը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում։  Սիմոնյանը միշտ հպարտացել է իր հայկական արմատներով՝ անգնահատելի ներդրում ունենալով հայկական ֆուտբոլի զարգացման հարցում, մասնակցելով մարզիչների պատրաստման ծրագրերին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բնութագրմամբ՝ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։  


Image Description

03.11.2025-17.11.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցը (սկսում է Արշակունյաց պողոտայից, հատում Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, հասնում մինչև Արտաշատի խճուղի)՝ փակուղիներով՝ 1-ին փակուղի (սկսում է  Նորագավիթ 1-ին փողոցի 7/2 հասցեից հասնում մինչև 1-ին փակուղի 27Ա հասցե), 2-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 21 հասցեից հասնում  մինչև 2-րդ փակուղի 44 տուն), 3-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոց 42-44 տներից ավարտվում 3-րդ փակուղի 4-րդ տան մոտ, միանում է Նորագավիթ  10-րդ փողոցին), 4-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 165/1 հասցեից հասնում մինչև 4-րդ փակուղի 10 տուն), 5-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 5-րդ փակուղու 1-ին տնից հասնում մինչև 9/3 տուն), անվանակոչել հայ նշանավոր բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ՝ «Վլադիմիր Ենգիբարյան փողոց», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 1-ին փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 2-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 3-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 4-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 5-րդ փակուղի»:

Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արևիկ Բլեջյանց:


Կենսագրական տվյալներ

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Ընտանիքի չորրորդ զավակն էր, նա առաջին անգամ բռնցքամարտի բաժին եկավ 14 տարեկանում՝ Արտյոմ Արուտյունովի, ապա՝ Էդուարդ Արիստակեսյանի ղեկավարությամբ։ Մի քանի տարի անց Ենգիբարյանը միացավ «Աշխատանքային ռեզերվների» երիտասարդական թիմին և 1951 թվականին նվաճեց ԽՍՀՄ առաջնության իր առաջին մեդալը՝ բրոնզե մեդալը թեթևագույն քաշային կարգում:

1951թ նվաճել է  ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալ՝ թեթևագույն քաշային կարգում (մինչև 54 կգ):

1953թ. նվաճել է թեթևագույն քաշային կարգում (մինչև 60 կգ) բրոնզե մեդալ՝ յոթակի չեմպիոն Անատոլի Գրեյների հետ վիճահարույց կիսաեզրափակչից հետո:

1955, 1956, 1958թթ. նվաճել է ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալ՝ կիսամիջին քաշային կարգում (մինչև 63,5 կգ), ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների 1-ին Սպարտակիադայի հաղթող (1956թ.):

Չնայած 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերի ազգային հավաքականում չընդգրկվելուն, Ենգիբարյանը չի հապաղել։ 

1953 թվականին Վարշավայում ԽՍՀՄ-ի համար կայացած Եվրոպայի դեբյուտային առաջնությունում նա դարձել է Հին Աշխարհի առաջին խորհրդային չեմպիոնը 60 կգ քաշային կարգում։ Այս հաջողությունը կանխորոշեց նրա հետագա ուղին. 1955 և 1958 թվականներին նա երեք անգամ նվաճեց ԽՍՀՄ առաջնությունը (1955, 1956 և 1958 թվականներին), իսկ 1957 և 1959 թվականներին նա կրկին բարձրացավ Եվրոպայի պատվո հարթակ։

1953թ.-ին խորհրդային բռնցքամարտիկների շրջանում դարձել է առաջին Եվրոպայի չեմպիոնը՝ եզրափակչում հաղթելով հունգարացի Իշտվան Յուհասին։

1957 թվականին արժանացել է  կրկին «ոսկե» մեդալի և «ամենատեխնիկական բռնցքամարտիկ» մրցանակի ։

1959 թականին ստացել է երրորդ եվրոպական տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով իտալացի Պիերո Բրանդիին:

1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերում Ենգիբարյանը դարձել է  ԽՍՀՄ պատմության մեջ երկրորդ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը (Վլադիմիր Սաֆրոնովից հետո) և առաջինն ու դեռ միակը մեր ամբողջ տարածաշրջանում:

Առաջին մենամարտում նա կոտրեց լեհ Լեշեկ Դրոգոշի դիմադրությունը, ապա նոկդաունի ենթարկեց ֆրանսիացի Կլոդ Սալուդեին և հարավաֆրիկացի Հենրի Լուբշերին, իսկ եզրափակչում հաղթեց ագրեսիվ իտալացի Ֆրանկո Նենցիին:

1960 թվականին Հռոմում կայացած Օլիմպիական Խաղերում իր երկրորդ մենամարտում, Ենգիբարյանը հաղթեց գերմանացի Վերներ Բյուսեին, սակայն ձախ ձեռքի լուրջ վնասվածք ստացավ և քառորդ եզրափակչում պարտվեց լեհ Մարիան Կասպշիկին։ Դրանից հետո նա որոշեց ավարտել մարզական կարիերան։

Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 267 պաշտոնական մենամարտ, տարել 255 հաղթանակ, երբեք նոկդաունի չի ենթարկվել և երբեք չի ստացել վնասվածք։

Հանելով ձեռնոցները՝ նա հիմնադրեց ԽՍՀՄ առաջին հանրապետական բռնցքամարտի դպրոցը Երևանում` իր հայրենիքում, ղեկավարեց այն ավելի քան 30 տարի, դարձավ AIBA միջազգային կատեգորիայի դատավոր աշխարհի խոշոր մրցաշարերում։

1993 թվականից շարունակեց մարզչական աշխատանքը Լոս Անջելեսում՝ մարզելով բազմաթիվ տաղանդավոր հայորդիների: Հայաստանի նախագահը անձամբ լեգենդին պարգևատրել է բազմաթիվ պատվոգրերով։

2013 թվականի փետրվարի 1-ին Վլադիմիր Ենգիբարյանը մահացավ Լոս Անջելեսում, իսկ երկու շաբաթ անց թաղվեց Երևանի քաղաքային պանթեոնում։

Վլադիմիր Ենգիբարյանը հավերժ կմնա «ինտելեկտուալ» բռնցքամարտի խորհրդանիշ՝ արագության, պլաստիկության, ոչ ավանդական տեխնիկայի և մրցակցի նկատմամբ հարգանքի համադրությամբ: Նրա դպրոցը մինչ օրս կրում է նրա անունը՝ շարունակելով ոգեշնչել երիտասարդներին հետևել ռինգի կարգապահության, տեխնիկայի և ազնվականության ուղուն:

Նա ուսուցանում էր իր սաներին. «Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ` մտածել: Դա մտքի և ուժի միասնություն է»:

Պարգևատրվել է`

«Վաչագան Բարեպաշտի» կրծքանշանով,

2009թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,

«Մարշալ Բաղրամյանի անվան» կրծքանշանով:


Մինչ այսօր նա համարվում է տարածաշրջանի բռնցքամարտի միակ օլիմպիական չեմպիոնը:


Image Description

05.09.2025-25.09.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան» փողոց:

Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցություն

Անի Խաչատրյան – խմբակցության ղեկավար

Մհեր Բեջանյան, Հայկ Սահակյան, Արմեն Մկրտչյան, Հարություն Մանվելյան, Գոհար Բալդրյան, Նելլի Ղարդյան, Լինա Ղշյան


Կենսագրական տվյալներ

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում՝ հայկական արմատներով ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես ռազմաօդային ուժերի օդաչու։ Պատերազմից հետո սկսել է բիզնես գործունեություն՝ հատկապես օդաչուական ծառայությունների, ապա նաև հյուրանոցային և խաղային բիզնեսի ոլորտներում։Նա հիմնադրել է Tracinda Corporation ներդրումային ընկերությունը, և երկար տարիներ եղել է MGM Studios, MGM Grand և Chrysler Corporation ընկերությունների խոշոր բաժնետեր։ Քըրք Քըրքորյանը համարվում է ամերիկյան խոշոր ձեռնարկատերերից և գործարարներից մեկը, որն իր կյանքի ընթացքում գործել է առավելապես փակ և համեստ ոճով՝ հրաժարվելով հանրային ուշադրությունից։ Քըրք Քըրքորյանը 1988թ Սպիտակի երկրաշարժից հետո ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի աջակցման գործընթացում։ 1990-ականներին ստեղծեց «Լինսի» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով 2001–2011 թվականներին Հայաստանը ստացավ շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցության փաթեթ։

Հիմնադրամի միջոցով իրականացվել են՝

ՀՀ մի շարք մարզերում և Երևանում ավելի քան 450 կմ ճանապարհների կապիտալ վերակառուցում,

Ավելի քան 300 դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգում,

հիվանդանոցների, բուժկետերի, մշակույթի տների վերանորոգում  և   վերազինում,

սոցիալական տների կառուցում Ստեփանակերտում՝ արցախյան պատերազմի ընթացքում բնակարանազուրկ մնացածների համար,

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական սարքավորումների մատակարարում բժշկական և կրթական հաստատություններին։

Քըրք Քըրքորյանը երբեք անձամբ չէր մասնակցում իր անունով որևէ հաստատության բացման արարողություններին, չէր խրախուսում իր անձի հրապարակային գովաբանումը և միշտ գործել է խիստ համեստությամբ։ Նա սիմվոլիկ կերպով ընդամենը մեկ անգամ է այցելել Հայաստան։

Մահացել է 2015 թվականի  հունիսի 15-ին՝ 98 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցը մինչև օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում։ Նկատի ունենալով, որ անգամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն տարիներ շարունակ Լենինգրադ անվանումը որպես վարչատարածքային միավոր գոյություն չունի (քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ):


Image Description

05.09.2025-25.09.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Հեթումյանների փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիտոգրադյան փողոցն (սկսվում է Այվազովսկու փողոցից հասնում Խաղաղ Դոնի փողոց) անվանափոխել Հեթումյաններ անվամբ` «Հեթումյանների փողոց»:

Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյան

Տիտոգրադ անունով քաղաք այլևս չկա։ Տիտոգրադը նախկին Չեռնոգորիայի մայրաքաղաքն էր` Հարավսլավիայի բռնապետ Իոսիպ Բրոզ Տիտոյի անունով։Մոնտենեգրոյի (նախկին Չեռնոգորիա) մայրաքաղաքը այժմ կոչվում է Պոդգորիցա (նախկին Տիտոգրադ):

Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապեռոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։

Ռուբինյանց ու Արշակունյաց արաքայատոհմերի անվանումներով կան փողոցներ ու պողոտա, իսկ Հեթումյաններ չկա:

Image Description

05.09.2025-25.09.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Երվանդունիների փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցն (սկսվում է Կիևյան կամրջից հասնում մինչև Սեբաստիայի և Գրիգոր Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել Երվանդունիներ անվամբ` «Երվանդունիների փողոց»:

Նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Հայկ Գրիգորյանի կողմից:


Երվանդունիներ՝ թագավորական դինաստիա Հայաստանում մ.թ.ա. 570 - մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Լենինգրադ անունով քաղաք այլևս չկա։

Ռուբինյանց ու Արշակունյաց արաքայատոհմերի անվանումներով կան փողոցներ ու պողոտա, իսկ Երվանդունիներ անվամբ չկա:

Image Description

02.09.2025-21.09.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Ալեքսանդր Աճեմյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 5-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց) անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անվամբ՝ «Ալեքսանդր Աճեմյան փողոց»:

Նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի կողմից:


Կենսագրական տվյալներ

Ալեքսանդր Աճեմյանը ծնվել է Թբիլիսիում 1925 թվականի օգոստոսի 25-ին: Եղել է բեմադրիչ Վարդան Աճեմյանի և դերասանուհի Արուս Ասրյանի որդին:

1955թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Գրել է վեց սիմֆոնիա, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի գործեր` «Սասունցի Դավիթ» (1955-84թթ), «Յոթ երգ Հայաստանի մասին» (ըստ Գևորգ Էմինի, 1979թ.): Հեղինակել է նաև «Հովվերգական սիմֆոնիետ» (1984թ.), «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957թ.), վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն թատերական ներկայացումների և կինոնկարների համար: Հայ երաժիշտներից առաջինն է եղել, որ սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան: Հեղինակել է հուզական և քնարական բազում երգեր:

1971-87թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1965թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է Երևանում:

Այս տարի լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի հոբելյանական 100-րդ տարելիցը:

Image Description

02.09.2025-21.09.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Արամ Սաթունցի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 6-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում Սիլիկյան 11-րդ փողոց) անվանակոչել նշանավոր հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անվամբ՝ «Արամ Սաթունցի փողոց»։

Նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի կողմից:


Կենսագրական տվյալներ

Արամ Սաթունցը ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում: Եղել է կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի եղբայրը: 1931-41թթ եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր:

1938-41թթ սովորել է Բաքվի կոնսերվատորիայի, 1944-47թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարաններում:

1941-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-74թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր: Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հ.Պարոնյանի, 1938թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979թ.), «Ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967թ., Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974թ.), «Հայկական ֆանտազիա» (1960թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար:

Հրատարակվել է կոմպոզիտորի երգերի 3 ժողովածու (1969թ., 1975թ., 1983թ.): Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ:

1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.՝ ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է Երևանում: Արամ Սաթունցի հուշատախտակը տեղադրված է Երևանի Արամի փողոցի 80 հասցեում:

Image Description

10.12.2025-25.12.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Արշավիր Շավարշյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 6-րդ փողոցը (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, 5-րդ փողոցին զուգահեռ հասնում Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել հայ մանկավարժ, պրոֆեսոր ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արշավիր Շավարշյանի անվամբ՝ «Արշավիր Շավարշյան փողոց»:


Կենսագրական տվյալներ

Արշավիր Շավարշյանը ծնվել է 1884թ. մայիսի 14-ին, Իգդիրում (Սուրմալուի գավառ): Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896-1998 թվականներ), որտեղ աշակերտել է Աղայանին և Պռոշյանին, և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898-1906 թվականներ)։ 1906-1910թթ. ավարտել է Ճեմարանը՝ որպես մանկավարժ և աշխատել Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում:

1910-1914թթ. սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում: Արշավիր Շավարշյանն ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժություն-հոգեբանություն բաժինը։ 1914-1918 թթ. դասավանդել է մանկավարժություն և հոգեբանություն՝ Գևորգյան ճեմարանում։ 1918թ.փոխադրվել է  Երևան՝ տարրական դպրոցների տեսուչի պաշտոնով։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում՝ որպես դպրոցական կենտրոնական հրահանգիչ (1921 թվական)։ 1921-1922 թթ. նշանակվել է սոցդասվար՝ Երևանի լուսբաժնում։

1921թ. Երևանում եղել է  Ն.Կրուպսկայայի անվան դպրոցի հիմնադիրը և առաջին տնօրենը։ 1921-1927թթ. լուսժողկոմատում վարել է ուսուցիչների վերապատրաստման, ապա դպրոցական բաժինները։ 

Երևանի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի բազայի վրա, ելնելով ուսուցչական կադրերի մեծ պահանջարկից, հիմնվել է  Մանկավարժական ինստիտուտը  և առաջին տնօրեն է նշանակվել Արշավիր Շավարշյանը։ Աշխատել է Երևանի պետական համալսարանում (1921-1935 թվականներ)՝ դասավանդելով մանկավարժական դիսցիպլինա, մանկավարժություն, հոգեբանություն, մանկավարժության պատմություն, հայ մանկավարժության պատմություն, թվաբանության մեթոդիկա։ Աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1935-1940 թվականներ), մանկավարժության ամբիոնի վարիչ (1940-1960 թվականներ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-1948 թվականներ):

1936թ. Հայկական ԽՍՀ Լուսժողկոմատի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1954թ. ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է «Գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Չորս անգամ ընտրվել է Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։

Արշավիր Շավարշյանը մահացել է 1960թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում:

Image Description

30.04.2025-14.05.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ


Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտ» այգուն հարակից, Փիրումյաններ փողոցին զուգահեռ, ճանապարհահատվածն (սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի անվամբ՝ «Օֆելյա Համբարձումյան փողոց»:

Նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տաթև Հովակիմյանի կողմից։


Կենսագրական տվյալներ

Հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. հունվարի 9-ին, Երևանում:

Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Հ. Մուսինյանի դասարան), ապա հրավիրվել է ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 

1944թ. եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Օֆելյա Համբարձումյանի երգեցողությունն առանձնացել է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։

Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվել են աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն եղել է ինքը և կատարումներն ուղեցույց են դարձել բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ 

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։

 1959թ. Օֆելյա Համբարձումյանը պարգևատրվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմամբ, 1985թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշ, 1956թ.՝ «Պատվո նշան» շքանշաններով:

2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի։

Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016թ. հունիսի 13-ին, Երևանում:


Image Description

23.04.2025-07.05.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Աշոտ Մանուկյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցը (սկսվում է Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցից հասնում հ.46 հասցեի հարակից տարածք), անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մանուկյանի անվամբ՝ «Աշոտ Մանուկյան» փողոց:

Նախագիծը ներկայացվել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար՝  Անի Խաչատրյանի, «Հանրապետություն» խմբակցության անդամներ՝ Արտակ Զեյնալյանի, Մհեր Բեջանյանի, Հայկ Սահակյանի, Արմեն Մկրտչյանի, Հարություն Մանվելյանի, Գոհար Բալդրյանի, Նելլի Ղարդյանի կողմից


Կենսագրական տվյալներ

Աշոտ Ռուբենի Մանուկյանը ծնվել է 1958թ.-ի Սեպտեմբերի 21-ին` Երևանում, ծառայողի ընտանիքում: Մեծանալով Մանուկյանների մեծ գերդաստանում` շրջապատված հոգատարությամբ, դեռ մանուկ հասակից օժտված էր առաջնորդի հատկանիշներով, որը հետագայում փայլուն դրսևորվեց Արցախյան ազատամարտի տարիներին: 1965-1975թթ.-ին սովորել  է Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցում: 1981-1986թթ.-ին սովորել է Կիևում` Կեմերովոյի սննդաարդյունաբերկան ինստիտուտում: Ստացել է ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980թ.-ից, «Ալգորիթմ» գիտաարտադրական միավորումում: 1982թ.-ին աշխատել է «Աէրոֆլոտ» կազմակերպությունում: 1984թ.-ին աշխատել է «ՀՍՍՀ թեթև արդյունաբերության նախարարության դեկորատիվ գործարանում»: 1985-1987թթ.-ին աշխատել է «Հայառողջշինվերանորոգում» տրեստում, որպես բրիգադիր: 1988-1990թթ.-ին աշխատել է «Արսեն 7» կոոպերատիվում, որպես տնօրեն: 1990-1994թթ.-ին աշխատել է 3-րդ «Հաց» արտադրական միավորումում, որպես գլխավոր տնօրեն: 1990թ.-ի հունվարին ընտրվել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար և մինչև 1994թ.-ը մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1990թ.-ին ընտրվել է ՀՀ Երևանի Մաշտոցի շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1995թ.-ի հոկտեմբերի 25-ին, դպրոցը, որտեղ սովորել էր Աշոտ Մանուկյանը անվանակոչվեց հրամանատարի անունով: Այստեղ  է գտնվում Աշոտ Մանուկյանի կյանքին և անցած մարտական ուղղուն նվիրված թանգարանը: Դպրոցի բակում տեղադրված է հրամանատարի կիսանդրին: Դավթաշեն համայնքում` «Յուրի Երզնկյան» փողոցում, որտեղ ապրել է Աշոտ Մանուկյանը, գտնվում է նրան նվիրված աղբյուր-հուշարձան: Ամուսնացած էր, ունի 3 զավակ: 1994թ.-ի փետրվարի 3-ին կյանքից վաղաժամ հեռացավ Աշոտ Մանուկյանը:

Image Description

23.04.2025-07.05.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Խորեն Պալյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 4-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Սիլիկյան 5-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան հին խճուղի), անվանակոչել հայ հոգևոր երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի անվամբ` «Խորեն Պալյան  փողոց», «Խորեն Պալյան փողոց, 1-ին նրբանցք»:

Նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի կողմից։


Կենսագրական տվյալներ

Խորեն Պալյանը ծնվել է 1935 թվականի մարտի 10-ին Լիբանանի Տրիպոլի քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1955թ. Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1962թ. Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ: Սբ. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: 1965թ. թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ: 1965-68թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա հայոց լեզվի պատմության ամբիոնում նշանակվել է դասախոս` դասավանդելով լեզվի պատմություն և գրաբար, իսկ 1995-2005թթ` աստվածաբանության ֆակուլտետում` ծիսագիտություն, վարքաբանություն: 15 տարի շարունակ ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը: 1978-2004թթ ժամակարգություն, տեսական շարականագիտություն և հայ հոգևոր երաժշտություն է դասավանդել Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա` Սևանի Վազգենյան դպրանոցում: Հեղինակել է երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածներ: Եղել է մանկական քրիստոնեական հանրագիտարանի և «Դասական գրաբարի հատընտիր» գրքի համահեղինակը: Տարբեր տարիներին վարել է «Զրույցներ գրաբարի մասին», «Խորհուրդ խորին» և այլ հեռուստատեսային հաղորդաշարեր: 1996-2005թթ վարել է «Արևագալ» երաժշտական-հոգևոր հաղորդաշարը: 1989թ-ից ամենամյա համերգ-դասախոսություններով, համերգներով հանդես է եկել Լոս-Անջելեսում, Հելսինկիում: 2005թ. լույս է տեսել հեղինակային «Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ» ուսումնական ձեռնարկը: 2006թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի անդամ: Արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանին: Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը: Այս տարի լրանում է Խորեն Պալյանի 90-ամյակը:

Image Description

25.03.2025-31.03.2025

Քվեարկություն Երևան քաղաքում Վահրամ Արիստակեսյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցը (սկսվում է Հովհաննես Գրիգորյան փողոցից, հասնում՝ նախկին կերամիկական իրերի կոմբինատ)՝ փակուղիներով, անվանակոչել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի անվամբ՝ «Վահրամ Արիստակեսյան փողոց», «Վահրամ Արիստակեսյան փողոց, 1-ին փակուղի», «Վահրամ Արիստակեսյան փողոց, 2-րդ փակուղի»:

Կենսագրական տվյալներ

Վահրամ Արիստակեսյանը ծնվել է 1899թ. ապրիլի 4-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթում: 

1920-1922թթ., որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա. Ֆ. Ինոչենցի)։

1922թթ. կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետական օպերայի և բալետի արտիստ։

1924թ. հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932թ.։ Նույն ստուդիայում 1925թ. կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որը նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928թ., Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934թ., Թբիլիսի)։

1926թ. պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։ 

1935թ. տեղափոխվել է Մոսկվա և գերազանցությամբ ավարտել է Սեչենովի անվան բժշկական առաջին ինստիտուտը:

1932-1938թթ. եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933թ.), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935թ.) օպերաների պարերի բեմադրողը։

1957թ. Թալինի շրջանի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային 6-րդ փառատոնի (1957թ., Մոսկվա) դափնեկրի կոչմանը։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել և բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։

1958թ. Վ.Արիստակեսյանին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Վահրամ Արիստակեսյանը մահացել է 1978թ. հուլիսի 18-ին, Երևանում: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի անվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցը՝ փակուղիներով, անվանակոչելու միջնորդություն է ներկայացվել Վահրամ Արիստակեսյանի թոռնուհու՝ Կարինե Արիստակեսյանի կողմից:

---

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։


Image Description

27.08.2023-31.08.2023

Շառլ Ազնավուրին նվիրված քանդակի բաց մրցույթ

Մշակույթ և ժառանգություն

Ինչպես հայտնի է, 2024 թվականին, մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:

Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):

Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով` «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:

Ստացված ձայները կներառվեն ու կարտացոլվեն հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:

icon icon

ընթացիկ նախագծեր

icon
Image Description

Ընթացիկ նախագծեր

Ծանոթացի՛ր նախագծերին, մասնակցի՛ր
քննարկումներին և քվեարկություններին:

Image Description

Քվեարկությունը մինչև՝ 19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցին) անվանակոչել հայ կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի անվամբ՝ «Էդուարդ Բաղդասարյան փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝  Արևիկ Բլեջյանց և Տաթևիկ Հովակիմյան:


Կենսագրական տվյալներ

Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է Երևանում։ 

Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել 1940 թվականին։  Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։ 1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։ 

1951-1953 թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։             

1956-1966թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը, 1961-1987 թթ. դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1982 թվականից որպես պրոֆեսոր։ 

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։

Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976): «Տժվժիկ» և «Եռանկյունի» ֆիլմերում օգտագործվել է նրա երաժշտությունը։

Էդուարդ Բաղդասարյանը մահացել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին:


Image Description

Քվեարկությունը մինչև՝ 19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Կոստանդին Երզնկացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցն (զուգահեռ է Մխիթար Սեբաստացու փողոցին) անվանակոչել հայ միջնադարյան նշանավոր տաղերգու, բանաստեղծ Կոստանդին Երզնկացու անվամբ՝ «Կոստանդին Երզնկացու փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հանրապետություն» խմբակցության անդամ Գոհար Բալդրյան, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հեղինե Ոսկանյան, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյան:


Կենսագրական տվյալներ

Առաջարկվող անվանակոչումը պայմանավորված է ինչպես պատմամշակութային կարևոր հանգամանքներով, այնպես էլ քաղաքաշինական և տեղանվանական տրամաբանությամբ։ Սիլիկյան 3-րդ փողոցը գտնվում է Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու անվամբ փողոցների անմիջական հարևանությամբ, որոնք կրում են հայ մշակույթի և հոգևոր ժառանգության կարկառուն ներկայացուցիչների անուններ։ Նշված համատեքստում Կոստանդին Երզնկացու անվան ներառումը նույն տարածքում ստեղծում է ամբողջական և ներդաշնակ տեղանվանական միջավայր՝ ձևավորելով յուրատեսակ մշակութային-հոգևոր «կլաստեր», որտեղ յուրաքանչյուր փողոց խորհրդանշում է հայ մտավոր և գրական ավանդույթի կարևորագույն շերտերից մեկը։ Այսպիսով, լուծվում է տեղանվանական համահունչ զարգացման խնդիր՝ միաժամանակ նպաստելով տվյալ թաղամասի ինքնության հստակեցմանը և արժեհամակարգային բովանդակության հարստացմանը։

Կոստանդին Երզնկացին հանդիսանում է միջնադարյան հայ գրականության և փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ապրել և ստեղծագործել է 13–14-րդ դարերում և հայտնի է իր խորախոհ, բարոյախրատական և փիլիսոփայական ստեղծագործություններով, որոնք կարևոր դեր են խաղացել հայ մտավոր ժառանգության ձևավորման գործում։ Երզնկացին իր գործերում անդրադարձել է մարդկային կյանքի անցողիկության, բարոյական կատարելության, գիտելիքի արժեքի և հոգևոր կատարելագործման թեմաներին՝ հանդես գալով որպես իր ժամանակի առաջադեմ մտածողներից մեկը։

Նրա ստեղծագործությունները առանձնանում են լեզվական նրբությամբ, պատկերավորությամբ և գաղափարական խորությամբ։ Երզնկացին կարողացել է համադրել կրոնական-աստվածաբանական մտածողությունը աշխարհիկ իմաստասիրության հետ՝ ստեղծելով մի ժառանգություն, որը մինչ օրս պահպանել է իր արդիականությունն ու դաստիարակչական նշանակությունը։ Նրա գործունեությունը կարևոր է նաև այն առումով, որ նա նպաստել է կրթական և մտավոր կյանքի զարգացմանը՝ տարածելով գիտելիք և արժևորելով ուսումը որպես հասարակության առաջընթացի հիմնասյուն։

Կոստանդին Երզնկացու անվամբ փողոցի անվանակոչումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ մտածողի հիշատակին, այլև կարևոր քայլ է հանրային տարածքում ազգային մշակութային հիշողության ամրապնդման ուղղությամբ։ Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդ սերնդի կրթադաստիարակչական գործընթացին՝ խթանելով հետաքրքրությունը հայ պատմության, գրականության և մտավոր ժառանգության նկատմամբ։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ փողոցը գտնվում է Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու անվամբ փողոցների հարևանությամբ, առաջարկվող անվանակոչումը ձևավորում է թեմատիկ ամբողջականություն՝ ընդգծելով հայ եկեղեցական, կրթական և գրական գործիչների փոխկապակցված դերը ազգային ինքնության ձևավորման մեջ։ Այս համադրությունը ստեղծում է յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ տարածական կազմակերպումն ինքնին դառնում է կրթական և խորհրդանշական արժեք կրող գործոն։

Վերոգրյալից ելնելով՝ Սիլիկյան 3-րդ փողոցը Կոստանդին Երզնկացու անվամբ անվանակոչելը հիմնավորված և նպատակահարմար քայլ է, որը միաժամանակ լուծում է տեղանվանական հստակեցման խնդիր, հարստացնում է քաղաքային մշակութային դաշտը և հավուր պատշաճի արժևորում հայ մեծ մտածողների ժառանգությունը:

Image Description

Քվեարկությունը մինչև՝ 19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Գրիգոր Եղիազարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան 12-րդ փողոցին) անվանակոչել հայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի անվամբ՝ «Գրիգոր Եղիազարյան փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Քրիստինե Վարդանյան, Զարուհի Աղաջանյան:


Կենսագրական տվյալներ

Գրիգոր Եղիազարյանը ծնվել է 1908 թվականին Սուրմալուի գավառի Բլուր գյուղում, իսկ ավելի ուշ իր բազմանդամ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 

1918-1920 թվականների ընթացքում կորցրել է բոլոր մերձավորներին և որբացել։ Պատանեկության տարիներին անցել է զինվորական ծառայության։

Կոմպոզիտորը շուրջ յոթ տարի զինվորական նվագախմբի փողհարն է եղել։ Ամենօրյա պարապմունքների շնորհիվ ձգտել է մասնագիտանալ երաժշտության ասպարեզում։ Ապագա կոմպոզիտորը ուսում ստանալու նպատակով սկզբում սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության, այնուհետև կոմպոզիցիայի դասարանում։ 

1935 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ սովորում էր ռուս կոմպոզիտոր և մանկավարժ Ն.Մյասկովսկու ստեղծագործական դասարանում։ Մոսկվայի կոնսերվատորիայում նա լուրջ, հիմնավոր տեսական ու գործնական գիտելիքներ է ձեռք բերել։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո կոմպոզիտորը տեղափոխվել է Լենինական, այստեղ նա համագործակցել է Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվի հետ։ Երաժշտություն է գրել տարբեր ներկայացումների համար՝ Ուիլյամ Շեքսպիրից մինչև երիտասարդ հայ դրամատուրգների պիեսներ։ Սիրել է թատրոնը, որն էլ երաժշտի առջև ստեղծագործական լայն ասպարեզ է բացել։ Լենինականում սկիզբ է առել գործունեության մի այլ բնագավառ ևս՝ մանկավարժական աշխատանքը։ Երևանում բնակություն է հաստատելը 1938 թվականին։ Այս տարիներին նույնպես շարունակել ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև գրել երաժշտություն Լենինականի և Երևանի գեղարվեստական թատրոնների համար։

Ստեղծագործական աշխատանքին համընթաց նա մանկավարժական գործունեություն է ծավալել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և Երևանի կոնսերվատորիայում։ Սկզբում ղեկավարել է գործիքավորման, իսկ 1948 թվականից չորս տասնամյակ անընդմեջ՝ ստեղծագործական դասարանը։

1948 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 

1953-1957 թվականներին եղել է ՀԿՄ վարչության նախագահ, 1954-1960 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր։

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է նրա սաներից են Գևորգ Արմենյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը, Երվանդ Երկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աշոտ Զոհրաբյանը, Նուբար Ասլանյանը և ուրիշներ։

Հայրենական մեծ պատերազմի փորձությունների շրջանում ծնվեց «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը՝ կոմպոզիտորի առաջին մեծածավալ կտավը, որը 40-ական թվականների ազգային սիմֆոնիկ երաժշտության լուրջ նվաճումների խորհրդանիշն եղավ։ 

Եղիազարյանի ստեղծագործությունների ցանկը ծավալուն չէ, համեստ է, բայց դա փոխհատուցվում է ազգային արվեստում նոր ուղիներ հայտանշող ինքնատիպությամբ, հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը իրականության արտացոլման նոր ձևով հարստացնելով։

Եղիազարյանի գեղարվեստական աշխարհը սնող ակունքները բազմաբնույթ են, բայց առաջնայինն ազգայինն է։ Եղիազարյանի մտածողության ազգային բնույթը բնական է դարձնում ժողովրդական երաժշտության բոլոր բնագավառներին անմիջականորեն կամ միջնորդավորված հաղորդակից լինելը։ ժողովրդական երգերի ու պարերի հմուտ օգտագործման օրինակներից են «Կալի երգը»՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմում, «Ամպել ա, տուն չի գալիսը»՝ Ջութակի կոնցերտում։ ժողովրդական մի շարք մեղեդիներ տեղ են գտել «Սևան» բալետում, որոնցից «Նուբար, Նուբարը» ոչ միայն լայտթեմայի նշանակություն է ձեռք բերել, այլև դարձել ժողովրդական մեղեդու օգտագործման յուրատեսակ բարձրակետերից մեկը՝ իր նրբաճաշակությամբ, գործիքային հնչերանգների հնարամտությամբ ու հարազատությամբ ազգայինին։ 

Եղիազարյանը որդեգրել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, բայց ամենից ավելի Կոմիտասի ստեղծագործական սկզբունքները։Կոմպոզիտորին հոգեհարազատ են հատկապես իմպրեսիոնիզմին բնորոշ այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են պատկերայնությունը, արտահայտիչ ու ճկուն երաժշտական լեզուն, հնչյունային-գունային միջոցները։ Սեփական գեղարվեստական դիրքորոշումը, գեղարվեստական արժեքների նկատմամբ ինքնուրույն գեղագիտական հայացքը, հնարավորություն տվեցին ստեղծելու իր սեփական նկարագիրն ունեցող ազգային աշխարհը։ 

Image Description

Քվեարկությունը մինչև՝ 19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Ավետ Տերտերյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 7-րդ փողոցի 2/6 հասցեի հարակից տարածքից հասնում մինչև Սիլիկյան 7-րդ փողոցի 102/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվամբ՝ «Ավետ Տերտերյան փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Քրիստինե Վարդանյան, Զարուհի Աղաջանյան


Կենսագրական տվյալներ

Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականին։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի։ 

1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 

1952 թվականին Տերտերյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին,  Էդվարդ Միրզոյանի դասարան։ 

1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ 

Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։

Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և  հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր է գնահատվել մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տերտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժշտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։

Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը:

Գրել է 8 սիմֆոնիա։ Այստեղ նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։

1969 թվականին ստեղծել է իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի է բացել հայկական երաժշտության մեջ։ Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ։ 

1972 թվականին գրել է  2-րդ սիմֆոնիան՝ մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար։ 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան։

1975 թվականին՝ 3-րդ սիմֆոնիան։ Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ։ Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է։ Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք։

Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները կատարել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում , Եվրոպայում՝ Գերմանիայում։

Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա։ 

Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Image Description

Քվեարկությունը մինչև՝ 19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Անանիա Շիրակացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան 11-րդ փողոցին) անվանակոչել մաթեմատիկոս, աստղագետ, պատմաբան, փիլիսոփա Անանիա Շիրակացու անվամբ՝ «Անանիա Շիրակացու փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Հեղինե Ոսկանյան, Նատալյա Սինորյան


Կենսագրական տվյալներ

Սիլիկյան 12-րդ փողոցը հանդիսանում է ներկայումս Երևան համայնքից, մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանից նախատեսվող «Ակադեմիական քաղաք» տանող միակ գլխավոր ճանապարհը։ Այս հանգամանքը տալիս է նշված փողոցին բացառիկ խորհրդանշական նշանակություն՝ այն ոչ միայն ֆիզիկական կապող հանգույց է կրթության, գիտության և նորարարության կենտրոնի հետ, այլև Հայաստանի գիտական ու մշակութային ժառանգության հետ հոգևոր ու մտավոր կապ ստեղծող կարևոր հատված։

Անանիա Շիրակացին (610–685թթ.) եղել է միջնադարի հայ խոշորագույն գիտնականներից մեկը։ Նա ծավալել է գիտական գործունեություն աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարագիտության, աշխարհագրության և փիլիսոփայության ոլորտներում, մշակել է սեփական իմաստասիրական համակարգ, ստեղծել լուսնային խավարումների և աստղագիտական երևույթների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակներ, կազմել թվաբանության և ձայնագիտության բնագավառների դասագրքեր, թողել արժեքավոր բազում աշխատություններ։

Սիլիկյան 12-րդ փողոցի անվանակոչումը Անանիա Շիրակացու անվամբ ունի համազգային կարևորություն, քանի որ

1. Պատահական չէ, այլ խորհրդանշական ընտրություն է՝ փողոցը միավորում է ներկայիս քաղաքը և կրթության ապագա կենտրոնը՝ Ակադեմիական քաղաքը, ինչպես Անանիա Շիրակացին միավորել է գիտական փորձն ու ուսուցումը իր ժամանակում։

2. Հարգանքի և հիշատակության վկայություն է հայ գիտական մտքի հզոր ու նորարարական ավանդին, ինչը հատկապես կարևոր է կրթության ու գիտության կենտրոնի մուտքի համար։

3. Համակցված միջավայր: Սիլիկյան 12-րդ փողոցի հարևանությամբ արդեն գտնվում են Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու փողոցները, իսկ մեկ այլ փողոց էլ առաջարկվում է անվանակոչել Գրիգոր Տաթևացու անվամբ: Սա ստեղծում է համաչափ, գիտական և մշակութային արժեքներով հարուստ փողոցային միջավայր, որը խորհրդանշում է հայկական մտքի և կրթության անընդմեջ շարունակությունը: 

4. Հանրային և հոգևոր ազդեցություն: Ուսանողներն ու գիտնականները, օգտագործելով այդ փողոցը, անմիջապես կզգան ազգային գիտական ժառանգության հետ իրենց մտավոր ու հոգևոր կապը:

Այսպիսով, Սիլիկյան 12-րդ փողոցը անվանակոչելով «Անանիա Շիրակացու փողոց», մենք ոչ միայն հարգում ենք մեր մեծագույն գիտնականի հիշատակը, այլև ստեղծում ենք խորհրդանշական, մտավոր ու հոգևոր ուղի դեպի Հայաստանի գիտության և կրթության նոր սերնդի կենտրոն։

Image Description

Քվեարկությունը մինչև՝ 19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Գուրգեն Էդիլյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավանի 6-րդ փողոցը (սկսվում է Ավանի 3-րդ փողոցից, հատելով Ավանի 5-րդ և Մարշալ Խուդյակովի փողոցները, հասնում Դավիթ Մալյան փողոց), 1-ին նրբանցքը (սկսվում է Ավանի 6-րդ փողոցից, կիսաշրջան կազմելով հասնում Ավանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.22/2 հասցեի հարակից տարածք) և 2-րդ նրբանցքը (սկսվում է Ավանի 6-րդ փողոցից, հասնում Ավանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցք) անվանակոչել հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ Գուրգեն Էդիլյանի անվամբ՝ «Գուրգեն Էդիլյանի փողոց», «Գուրգեն Էդիլյան փողոց, 1-ին նրբանցք»,  «Գուրգեն Էդիլյան փողոց, 2-րդ նրբանցք»:

Նախագծի հեղինակ՝  Երևանի քաղաքապետարան


Կենսագրական տվյալներ

Հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի 25-ին, Իջևանում:

Էդիլյանը սովորել է Քարավանսարայի ծխական, իսկ 1896–1898 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։

1898–1903 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժնում։

1904 թվականին մեկնել է արտասահման, սովորել Ենայի (Գերմանիա), Լայպցիգի (Գերմանիա) և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում։ Այնտեղ մուտք է գործել տեղի գիտական միջավայր՝ ծանոթանալով Վիլհելմ Վունդտի, Հերման Էբինգաուզի, Շռնստ Մյոյմանի հետ։ 

1909 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել՝ պաշտպանելով «Ցիլլերի ֆորմալ աստիճանների քննադատություն» թեմայով աշխատությունը, որը 1912 թվականին հայերեն տպագրվել է Էջմիածնում։ Ուսումն ավարտելուց հետո Էդիլյանը վերադարձել է Հայաստան։

1914–1919 թվականներին աշխատել է Ներսիսյան դպրոցում։ 1916 թվականից՝ պատերազմական ծանր տարիներին, եղել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսուչ, կազմակերպել անապաստան երեխաների կրթության և դաստիարակության գործը։

1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ստանձնել է հանրապետության տարրական դպրոցների տեսուչի պարտականությունները։

Հանդիսացել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը։

1921 թվականին էդիլյանը հրավիրվել է համալսարան և նշանակվել մանկավարժական ֆակուլտետի դեկան։

1922–1925 թվականներին աշխատել է Ամերկոմի դպրոցների վերատեսչի պաշտոնում։ 1928–1933 թվականներին կրկին աշխատել է պետական համալսարանում, դասավանդել հոգեբանություն, մայրենի լեզվի մեթոդիկա։

1934–1937 թվականներին զուգահեռ աշխատել է նաև Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան մանկավարժական ինստիտուտի էքսպերիմենտալ ֆոնետիկայի և հոգեբանության լաբորատորիայում։ Ուսումնասիրել է ուսուցման տեսությունը, ընդհանուր և մանկավարժական հոգեբանությունը, զբաղվել հայոց լեզվի դասավանդման, մեթոդաբանության, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության, գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, հայկական տառատեսակների և նրանց դյուրընթեռնելիության հարցերով։

Հեղինակ է եղել հոգեբանության, մանկավարժության, մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկային, հայ գրականության պատմությանը վերաբերող մի շարք աշխատությունների։ Էդիլյանը եղել է առաջին մանկավարժ հոգեբանը, ով Հայաստանում դրել է հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, կազմակերպել է հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա և զբաղվել հոգեկանի ուսումնասիրմամբ ու մեկնաբանմամբ։

1937 թվականին Գուրգեն Էդիլյանը դարձել է բռնաճնշումների զոհ և աքսորվել։

Մահացել է 1942թ. հունվարի 18–ին աքսորավայրում՝ մերձբայկալյան Տայշետ բնակավայրի մոտ:

Լավագույն նախագծերը icon ստեղծվում են քաղաքացի-տիմ թիմային առողջ icon աշխատանքի icon արդյունքում

Image Description Image Description Image Description
Image Description Image Description Image Description
Image Description

Հարթակի մասին

«Ակտիվ քաղաքացի» հարթակի ստեղծումը նախաձեռնված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մայրաքաղաքի բնակիչների հետ առավել արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:

Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ մասնակցելու Երևանի բարելավմանը՝ ներգրավվելով քննարկումներին և ներկայացնելով զարգացման իրենց տեսլականը:

Ավելին
Image Description Image Description Image Description
Image Description Image Description Image Description

icon «Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններն իրականացվում են բլոկչեյն տեխնոլոգիայով

icon

«Ակտիվ քաղաքացի»
բջջային հավելված

Այսուհետ Երևանի քաղաքապետարանին քաղաքային խնդիրների մասին կարող եք հայտնել հավելվածի միջոցով:

icon icon
image

19030 ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ

ՄԻԱՑԻ՛Ր ՀԻՄԱ

19030 ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ

ՄԻԱՑԻ՛Ր ՀԻՄԱ