Քվեարկություն Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 29.04.2025
Քվեարկության ժամանակահատված՝ 30.04.2025-14.05.2025
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտ» այգուն հարակից, Փիրումյաններ փողոցին զուգահեռ, ճանապարհահատվածն (սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի անվամբ՝ «Օֆելյա Համբարձումյան փողոց»:
Նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տաթև Հովակիմյանի կողմից։
Կենսագրական տվյալներ
Հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. հունվարի 9-ին, Երևանում:
Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Հ. Մուսինյանի դասարան), ապա հրավիրվել է ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։
1944թ. եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։
Օֆելյա Համբարձումյանի երգեցողությունն առանձնացել է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։
Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվել են աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն եղել է ինքը և կատարումներն ուղեցույց են դարձել բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։
Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։
1959թ. Օֆելյա Համբարձումյանը պարգևատրվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմամբ, 1985թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշ, 1956թ.՝ «Պատվո նշան» շքանշաններով:
2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի։
Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016թ. հունիսի 13-ին, Երևանում: