Քվեարկություն Երևան քաղաքում Ավետ Տերտերյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին
Քվեարկություն Երևան քաղաքում Ավետ Տերտերյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին
Հրապարակման օր՝ 11.05.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 12.05.2026-19.06.2026
Հասցե՝ Սիլիկյան 7-րդ փողոց
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 7-րդ փողոցի 2/6 հասցեի հարակից տարածքից հասնում մինչև Սիլիկյան 7-րդ փողոցի 102/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվամբ՝ «Ավետ Տերտերյան փողոց»։
Նախագծի հեղինակ՝ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան, Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Քրիստինե Վարդանյան, Զարուհի Աղաջանյան
Կենսագրական տվյալներ
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականին։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի։
1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։
1952 թվականին Տերտերյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։
1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։
Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր է գնահատվել մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տերտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժշտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։
Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը:
Գրել է 8 սիմֆոնիա։ Այստեղ նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։
1969 թվականին ստեղծել է իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի է բացել հայկական երաժշտության մեջ։ Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ։
1972 թվականին գրել է 2-րդ սիմֆոնիան՝ մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար։ 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան։
1975 թվականին՝ 3-րդ սիմֆոնիան։ Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ։ Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է։ Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք։
Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները կատարել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում , Եվրոպայում՝ Գերմանիայում։
Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա։
Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։