Քվեարկություն Երևան քաղաքում Վահրամ Արիստակեսյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Վահրամ Արիստակեսյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 24.03.2025
Քվեարկության ժամանակահատված՝ 25.03.2025-31.03.2025
Հասցե՝ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցը (սկսվում է Հովհաննես Գրիգորյան փողոցից, հասնում՝ նախկին կերամիկական իրերի կոմբինատ)՝ փակուղիներով, անվանակոչել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի անվամբ՝ «Վահրամ Արիստակեսյան փողոց», «Վահրամ Արիստակեսյան փողոց, 1-ին փակուղի», «Վահրամ Արիստակեսյան փողոց, 2-րդ փակուղի»:
Կենսագրական տվյալներ
Վահրամ Արիստակեսյանը ծնվել է 1899թ. ապրիլի 4-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթում:
1920-1922թթ., որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա. Ֆ. Ինոչենցի)։
1922թթ. կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետական օպերայի և բալետի արտիստ։
1924թ. հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932թ.։ Նույն ստուդիայում 1925թ. կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որը նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928թ., Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934թ., Թբիլիսի)։
1926թ. պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։
1935թ. տեղափոխվել է Մոսկվա և գերազանցությամբ ավարտել է Սեչենովի անվան բժշկական առաջին ինստիտուտը:
1932-1938թթ. եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933թ.), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935թ.) օպերաների պարերի բեմադրողը։
1957թ. Թալինի շրջանի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային 6-րդ փառատոնի (1957թ., Մոսկվա) դափնեկրի կոչմանը։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել և բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։
1958թ. Վ.Արիստակեսյանին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Վահրամ Արիստակեսյանը մահացել է 1978թ. հուլիսի 18-ին, Երևանում: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի անվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցը՝ փակուղիներով, անվանակոչելու միջնորդություն է ներկայացվել Վահրամ Արիստակեսյանի թոռնուհու՝ Կարինե Արիստակեսյանի կողմից:
---
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։
Քվեներ բլոկչեյնում
Մեկնաբանություններ

Պարուսույց, բալետմայստեր:
ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1958):
Ծնվ. 04.04.1899թ., Էրզրում:
Մահ. 18.7.1978թ., Երևան:
1920-22-ին դասավանդել է Էթարյանի պարի դպրոցում (Թիֆլիս):
Թիֆլիսում (1922) և Երևանում (1924, այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան, ղեկավար՝ մինչև 1932-ը) հիմնել ու ղեկավարել է պարարվ-ի ստուդիաներ:
1926-ին Երևանի ստուդիայում բեմադրել է Դելիբի «Կոպելիա» բալետը (առաջին բալետ, ներկայացումը Հայաստանում):
1925-ին ստուդիայում ստեղծել և ղեկավարել է հայկական ազգագրական պարի անսամբլը, եղել լավագույն մենապարողը (համամիութ. սպարտա-կիադայի՝ 1928, Մոսկվա, և Այսրկովկաս. 1-ին օլիմպիադայի՝ 1934, Թբիլիսի, դափնեկիր):
1932-38-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր:
1957-ին Աշնակ գ-ում (Արագածոտնի մարզ) կազմակերպել է ազգագր. պարի ինքնագործ խումբ (Երիտասարդության և ուսանողների համաշխ. VI փառատոնի դափնեկիր, 1957, Մոսկվա):