Քվեարկություն Երևան քաղաքում Պոդգորիցայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Պոդգորիցայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 14.03.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 02.04.2026-20.04.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցն (սկսվում է Այվազովսկու փողոցի կենտրոնական հատվածից, հասնում Խաղաղ Դոնի փողոց) անվանակոչել Պոդգորիցա անվամբ՝ «Պոդգորիցայի փողոց»։
Նախագծի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան։
Տվյալներ
Պոդգորիցան հիմնադրվել է հին ժամանակներում՝ որպես հռոմեական բնակավայր Բիրզիմինիում, որը հետագայում հայտնի դարձավ Ռիբնիցա անունով։ 15-րդ դարից քաղաքը կոչվում է Պոդգորիցա՝ «լեռան տակ գտնվող» նշանակությամբ։
1878 թվականին քաղաքը վերադարձվել է Չեռնոգորիային։ 1945 թվականին դարձել է Չեռնոգորիայի մայրաքաղաքը, իսկ 1952–1992 թվականներին կոչվել է Տիտոգրադ։
1992 թվականին վերականգնվել է Պոդգորիցա անվանումը։
Երևանը և Պոդգորիցան (նախկին անվանումը՝ Տիտոգրադ) քույր քաղաքներ են դեռևս 1974 թվականից։ Ներկայումս Երևանի և Պոդգորիցայի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության նոր համաձայնագիր, որի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ։
Դեռևս 1984 թվականին Երևանի Էրեբունի բնակելի զանգվածի 4-րդ փողոցը վերանվանվել է «Տիտոգրադյան» անվամբ։
Հարցի վերաբերյալ առկա է ՀՀ արտաքին գործերի նախարարության դրական դիրքորոշումը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը Հարավսլավիայի կազմում (1946–1992 թթ.), իսկ ներկայումս անկախ Չեռնոգորիայի մայրաքաղաքը կրում է Պոդգորիցա անվանումը, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 2-ի N 2387-Ն որոշման 16-րդ կետը՝ առաջարկվում է Տիտոգրադյան փողոցն անվանափոխել Պոդգորիցայի փողոց։