Քվեարկություն Երևան քաղաքում Կոստան Զարյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Կոստան Զարյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 01.04.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 02.04.2026-21.04.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցն (սկսվում է Սիլիկյան հին խճուղուց, հասնում մինչև հ.89/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել գրող, բանաստեղծ, արձակագիր Կոստան Զարյանի անվամբ` «Կոստան Զարյան փողոց»:
Նախագծի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Կենսագրական տվյալներ
Հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Կոստան Զարյանը ծնվել է 1885թ. փետրվարի 2-ին, Շամախի քաղաքում (Ռուսական կայսրություն)։
1890թ.՝ հոր մահվանից հետո, ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
1910-1913թթ. Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։
Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։
1914թ., երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Կոստան Զարյանը` Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին, հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914թ. հունվարից մինչև հուլիս։
1922թ. Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։
1922-1924թթ. համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում, սակայն 1924թ. կրկին մեկնել է Եվրոպա։
1925թ. Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն), ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թվական) գործերը։
1944-1946թթ. հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։
1946թթ. Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։
1952-1954թթ. արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում:
1961թ. ներգաղթել է Հայաստան:
Կ. Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանը ստեղծել է վոկալային երաժշտություն:
Կոստան Զարյանը մահացել է 1969թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում: