Քվեարկություն Երևան քաղաքում Ջրբաշյան եղբայրների անվամբ փողոց անվանափոխելու մասին
Քվեարկություն Երևան քաղաքում Ջրբաշյան եղբայրների անվամբ փողոց անվանափոխելու մասին
Հրապարակման օր՝ 31.07.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 03.08.2026-17.08.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցն (սկսվում է Ուրուգվայի հրապարակից, հասնում մանկական երկաթուղի) անվանափոխել ակադեմիկոսներ Մխիթար և Էդվարդ Ջրբաշյան եղբայրների անվամբ` «Ջրբաշյան եղբայրների փողոց»:
Նախագծի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան:
Կենսագրական տվյալներ
Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանում:
1936-1941 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում։ 1945 թվականին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական աշխատանքը։
1964-1978 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում՝ 1964-1973 թվականներին զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը։ 1957-1960 թվականներին եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկանը, 1978-1994 թվականներին՝ նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչը։ Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» (ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականից։
1971-1989 թվականներին Ջրբաշյանը եղել է նոր կազմավորված մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենը։ Շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ: 1964 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչումով, 1971 թվականին՝ Աշխատանքային կարմիր դրոշի և 1978 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով:
Մխիթար Ջրբաշյանը մահացել է 1994 թվականին, Երևանում:
Էդվարդ Ջրբաշյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան հ.23 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է սովետական բանակ։ Սովորել է Հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում (Թբիլիսի)։
1943-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Զորացրվելուց հետո՝ 1945 թվականին, ընդունվել և 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։ 1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթ» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։ 1966-1970 թվականներին գլխավորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը։
1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրենը։ Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985), «Չորս գագաթ» (Մոսկվա,1990) գրքերը։
Էդվարդ Ջրբաշյանը մահացել է 1999 թվականին, Երևանում: