Քվեարկություն Երևան քաղաքում Ազատ Գասպարյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Քվեարկություն Երևան քաղաքում Ազատ Գասպարյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Icon
0
Icon
13
Icon

Հրապարակման օր՝ 12.08.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 13.08.2026-27.08.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ  փողոցն (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) անվանակոչել հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ՝ «Ազատ Գասպարյան փողոց», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0047 կադաստրային ծածկագրով գույք հասնող՝ հ.01-011-1592-0001 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 1-ին փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0050 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 2-րդ փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և Ազատ Գասպարյան փողոցի 2-րդ փակուղու հարակից հատված հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 3-րդ փակուղի»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` Հայկ Միրզոյան:

 

Կենսագրական տվյալներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցն առաջարկվում է անվանակոչել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի անվամբ՝ հաշվի առնելով նրա բացառիկ ավանդը հայկական թատրոնի և կինոյի զարգացման գործում, ինչպես նաև նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը։

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Երևանում։ Այս նախագծում առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը զուգահեռ է արդեն իսկ Արմեն Խոստիկյանի անվամբ կոչվող փողոցին, ինչը հնարավորություն է տալիս տարածական և գաղափարական առումով փոխկապակցել երկու մեծանուն արվեստագետների հիշատակի հավերժացումը, որոնք տասնամյակներ շարունակ եղել են ստեղծագործական գործընկերներ և իրենց համատեղ դերակատարումներով նշանակալի հետք թողել հայկական թատրոնի և կինոյի պատմության մեջ։

Ազատ Գասպարյանի և Արմեն Խոստիկյանի ստեղծագործական համագործակցության ամենավառ օրինակներից է հանրության կողմից առանձնահատուկ սիրված և հայկական կինոյի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Մեր բակը», որի կերպարներն ու դերակատարումները մինչ օրս շարունակում են սիրվել և մնալ հանրային հիշողության անբաժանելի մասը։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը, սակայն, չի սահմանափակվել միայն այս ֆիլմով։ Երկու արվեստագետները տարբեր տարիներին հանդես են եկել նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում՝ այդ թվում «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» կինոնկարներում, ինչպես նաև երկար տարիներ միասին ստեղծագործել են թատերական բեմում՝ իրենց դերակատարումներով նպաստելով հայկական թատերարվեստի և կինոարվեստի զարգացմանն ու ազգային մշակութային ժառանգության հարստացմանը։ Երկու ժողովրդական արտիստներն ունեցել են նաև երկարամյա համատեղ բեմական գործունեություն՝ հանդիսանալով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից և ձևավորելով այն ստեղծագործական միջավայրը, որը տասնամյակներ շարունակ կերտել է հայկական թատերարվեստի լավագույն ավանդույթները։

Ազատ Գասպարյանի թատերական ուղին սկսվել է 1970թ-ից, երբ ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ընդունվել և մինչև 1972 թվականն աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-1980 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում։ 1970 թվականին նկարահանվել է՝ «Հեղնար աղբյուր», 1974 թվականին՝ «Համագյուղացիները», 1976 թվականին՝ «Երկունք», 1978 թվականին՝ «Հուսո աստղ», 1980 թվականին՝ «Համր վկան», 1981 թվականին՝ «Սիրո փոքրիկ պատմություն», 1982 թվականին՝ «Երջանկության մեխանիկան», 1982 թվականին՝ «Հին օրերի երգը», 1983 թվականին՝ «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր», 1984 թվականին՝ «Ճերմակ անուրջներ», 1984 թվականին՝ «Մեր մանկության տանգոն», 1985 թվականին՝ «Ո՞ւր ես գնում, զինվոր», 1987 թվականին՝ «Բառը», 1988 թվականին՝ «Շնչառություն», 1989 թվականին՝ «Աստված իմ, ինչո՞ւ», 1990 թվականին՝ «Ձանձրույթ», 1992 թվականին՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 2000 թվականին՝ «Ուրախ ավտոբուս» և այլ ֆիլմերում։

Մեծանուն դերասանը նկարահանվել է նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։ 2000 թվականին գրել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, ունի մի շարք տեսա-ձայնասկավառակներ։

Ազատ Գասպարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է: Նա մահացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին


Կո՞ղմ եք փողոցի անվանափոխմանը


Image Description

Քվեներ բլոկչեյնում



Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան