Image Description

նախագծեր

image
Image Description

Քվեարկությունը մինչև՝ 16.11.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Վլադիլեն Բալյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է . Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցը՝ նրբանցքներով, անվանափոխել հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի անվամբ՝ «Վլադիլեն Բալյան փողոց» (սկսվում է Աբելյան փողոցից, հասնում՝ Բեկնազարյան-Մելքումովի փողոցների խաչմերուկ),  «Վլադիլեն  Բալյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է հ.7 և հ.9 շենքերի մոտից, հասնում Երևանի հ. 102 հիմնական դպրոց), «Վլադիլեն Բալյան փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է հ.11 և հ.13 շենքերի մոտից, հասնում՝ Բաշինջաղյան փողոցի փակուղի):

Նախագծի հեղինակներ՝ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյան, Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հեղինե Ոսկանյան:


Կենսագրական տվյալներ.

Վլադիլեն Բալյանը ծնվել է Երևանում՝ 1924 թվականի ապրիլի 25-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժինները։ Իր երկարամյա գործունեությամբ նա նշանակալի ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման, ազգային երաժշտական ժառանգության պահպանման և տարածման, ինչպես նաև Հայաստանի մշակութային կյանքի կազմակերպման գործում։

Բալյանը ղեկավարել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումները, Երևանի պարարվեստի ուսումնարանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ 1966 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը կարևոր դեր է ունեցել հայ դասական երաժշտության ժառանգության պահպանման գործում։ 1965 թվականին նա կազմակերպել է Երևանում Բենջամին Բրիտտենի փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ՝ նպաստելով մայրաքաղաքի միջազգային մշակութային կապերի զարգացմանը։

Վլադիլեն Բալյանի վաստակը ճանաչվել է պետական և հանրային մակարդակներում։ Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման և «Մովսես Խորենացի» մեդալի։ 2020 թվականին Երևանի ավագանու որոշմամբ նրան շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, Երևանի մշակութային զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված գործունեության համար։ 

Վլադիլեն Բալյանի անվամբ փողոցի անվանափոխումը կարևոր նշանակություն ունի Երևանի պատմամշակութային հիշողության պահպանման և ազգային մշակույթի ականավոր ներկայացուցիչների վաստակի հավերժացման տեսանկյունից։ Նրա կենսագրությունը, ստեղծագործական ժառանգությունն ու հասարակական գործունեությունն անմիջականորեն կապված են Հայաստանի, հայ ժողովրդի և Երևանի հետ։ Նա ոչ միայն հայ երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչ էր, այլև իր գործունեությամբ մասնակցել է մայրաքաղաքի մշակութային կյանքի ձևավորմանն ու զարգացմանը։

Յուլիոս Ֆուչիկը չեխ գրող, լրագրող և գրական քննադատ էր, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ՝ 1921 թվականից ։ Նրա անունը խորհրդային ժամանակաշրջանում տրվել է տարբեր քաղաքների փողոցների և հանրային տարածքների։  Ներկայումս նույնիսկ իր հայրենիքում՝ Չեխիայում, ինչպես նաև Սլովակիայում անվանափոխվել են նրա անվան փողոցները, մասնավորապես այս երկու երկրների մայրաքաղաքներում, Պրահայում Ֆուչիկովա (Fučíkova) փողոցը վերանվանվել է Կոլբենովա (Kolbenova), իսկ Բրատիսլավայում՝ Մեդենա (Medená): Չեխիայի մյուս քաղաքներում ևս այսպիսի անվանափոխումներ են տեղի ունեցել, որոնցից Օստրավա քաղաքում՝ Ֆուչիկովա (Fučíkova) փողոցը վերանվանվել է Պոռուբսկա (Porubská), Ուստի նադ Լաբեմում՝ Մասարիկովա (Masarykova), Հոստիվիցեում՝ Չեսկա (Česká), իսկ Սլովակիայի Միխալովցե քաղաքում՝  Շտեֆանիկովա (Štefániková)։ 

Յուլիոս Ֆուչիկի կենսագրության մեջ չի արձանագրվում Երևանի, երևանցիների, Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ անմիջական պատմական կապ, մինչդեռ Վլադիլեն Բալյանի անվամբ փողոցի անվանափոխումը կլինի հայ ազգային մշակույթի նկատմամբ հարգանքի, մայրաքաղաքի պատմամշակութային հիշողության պահպանման և Երևանի հետ անմիջականորեն կապված ականավոր գործչի վաստակի հավերժացման կարևոր քայլ:

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

05.10.2026-19.10.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Տիգրան Իզմիրլյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցն անվանափոխել Հայաստանի ազգային հերոս, «Իզմիրլյան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Իզմիրլյանի անվամբ՝ «Տիգրան Իզմիրլյան փողոց» (սկսվում է Վահրամ Փափազյան փողոցից և ձգվում մինչև Ազատության պողոտայի վերջնամաս, այնուհետև, շարունակվելով՝ հատում է Ալ. Մյասնիկյան փողոցը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների սահմանագծով կիսաշրջանաձև շարունակվում է, այնուհետև, Ա. Արմենակյան, Գ. Ջահուկյան և Ե. Չարենցի փողոցներին զուգահեռ ձգվելով, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների եզրագծով կիսաշրջան կազմելով, հասնում՝ Մ. Խորենացու փողոց, 3-րդ փակուղի):


Կենսագրական տվյալներ.

Տիգրան Իզմիրլյանը ծնվել է 1926 թվականին։

Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիա քոլեջը (Եգիպտոս), ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Իլինոյի համալսարանում և մագիստրոսի կոչում՝ Հարվարդի բիզնես դպրոցում: Տասնամյակներ շարունակ զբաղվել է միջազգային ֆինանսական շուկաներով և ձեռնարկատիրությամբ։ Նա ղեկավարել է շվեյցարական «Alimenta» ընկերությունը՝ հասնելով գլոբալ հաջողությունների գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներդրումների ոլորտում: Իզմիրլյանների ընտանիքը լայնածավալ ներդրումներ է ունեցել Եվրոպայի և ԱՄՆ-ի անշարժ գույքի ու գյուղատնտեսության մեջ (այդ թվում՝ «More London» գրասենյակային համալիրը Լոնդոնում):

1994 թվականին Երևանում հիմնադրել է «Իզմիրլյան» հիմնադրամը՝ ի հիշատակ իր ծնողների (Սարգիս և Մարիա Իզմիրլյաններ)՝ հայրենիքին աջակցելու և տնտեսական ու կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով: Նրա և տիկին Ելենա Իզմիրլյանի աջակցությամբ արդիականացվել և վերազինվել է Երևանի բժշկական կենտրոնը, որը 2012 թվականին վերանվանվել է «Իզմիրլյան» ԲԿ: Հիմնադրամի միջոցներով Հայաստանում և Արցախում իրականացվել են առողջապահական, կրթական, սոցիալական ու ենթակառուցվածքային բազմաթիվ ծրագրեր:

Պարգևատրվել է Հայրենիքի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշաններով: 2024 թ. արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը:

Տիգրան Իզմիրլյանը մահացել է 2024 թվականի օգոստոսի 17-ին:

Երևան քաղաքի Սարալանջի փողոցը Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անվամբ անվանափոխելու առաջարկությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ նրա ունեցած բացառիկ ծառայությունների, երկարամյա ազգանվեր գործունեության և Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի արժևորման անհրաժեշտությամբ։ Նրա գործունեությունը հատկապես նշանակալի է եղել կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տնտեսական զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարությունների ոլորտներում։

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

29.09.2026-13.10.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Ֆրուզեի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն (սկսվում է Գարեգին Նժդեհ փողոցից, հասնում՝ Բագրատունյաց փողոց) անվանափոխել հայոց արքայատոհմի՝ Երվանդունիների անվամբ՝ «Երվանդունիների փողոց»: 

Նախագծի հեղինակներ՝ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյան, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Վարդանյան, Հեղինե Ոսկանյան, Արևիկ Բլեջյանց:


Կենսագրական տվյալներ.

«Երվանդունիների» անվանումը վերաբերում է հայոց հին արքայատոհմին, որի իշխանության ժամանակաշրջանը կարևոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության մեջ։ Երվանդունիների անունը կապված է հայկական վաղ պետականության ձևավորման, պահպանման և զարգացման կարևոր պատմական շրջանի հետ, ուստի այդ անվան կիրառումը Երևանի փողոցային անվանացանկում հնարավորություն է տալիս քաղաքային միջավայրում պատշաճ կերպով ներկայացնելու հայ ժողովրդի պատմական և պետական ժառանգության հնագույն շերտերից մեկը։

Առաջարկի կարևոր առանձնահատկությունն այն է, որ Ֆրունզեի փողոցը գտնվում է Բագրատունյաց փողոցի և Արշակունյաց պողոտայի ձևավորած տարածական միջավայրում, սկսվում է Բագրատունյաց փողոցից և ձգվում է Արշակունյաց պողոտային զուգահեռ։ Այս պայմաններում փողոցը Երվանդունիների անվամբ անվանափոխելը ոչ միայն կփոխարինի հայ ժողովրդի պատմության հետ անմիջական կապ չունեցող գործող անվանումը, այլև տվյալ հատվածում կձևավորի պատմականորեն և տարածականորեն փոխկապակցված տեղանվանական ամբողջություն՝ Երվանդունիների, Արշակունիների և Բագրատունիների անուններով։ Այդ անվանումները միասին խորհրդանշականորեն ներկայացնում են հայ ժողովրդի պետականության պատմական զարգացման տարբեր փուլերը՝ ստեղծելով դրանց տրամաբանական շարունակականություն նաև Երևանի քաղաքային տարածքում։

Ֆրունզեի փողոցն ընդգրկում է խիտ բնակեցված և տարածականորեն ամբողջական քաղաքային հատված։ Հետևաբար, դրա անվանափոխությունը կարևոր է դիտարկել ոչ միայն որպես առանձին փողոցի անվան փոփոխություն, այլև որպես տվյալ տարածքի տեղանվանական և պատմամշակութային միջավայրի ամբողջացման հնարավորություն։

Ֆրունզեի փողոցը Երվանդունիների փողոց անվանափոխելը կնպաստի Երևանի քաղաքային միջավայրում հայ ժողովրդի պատմական ժառանգության առավել ամբողջական ներկայացմանը և գործող տեղանվանական համակարգի տրամաբանական ամբողջացմանը։


Image Description
Քվեարկությունն ավարտվել է

17.09.2026-01.10.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Մետաքսեի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցն (սկսվում է Արտաշատի ջրանցքի մոտից, Ռոստովյան փողոցին զուգահեռ, հասնում Ազատամարտիկների փողոց) անվանակոչել հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անվամբ՝ «Մետաքսեի փողոց»:

Կենսագրական տվյալներ.

Հայ բանաստեղծուհի Մետաքսեն ծնվել է 1926 թվականին Արթիկի շրջանի Եգանլար գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղ)։ 

1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։

1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ և իր ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ավանդ է ունեցել հայ գրականության, մասնավորապես՝ հայ պոեզիայի զարգացման գործում։

1989-1991 թվականներին եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահ։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին, լինելով Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահ, Մետաքսեն մեծ աշխատանք է իրականացրել աղետի գոտում՝ կազմակերպելով օգնություն Գյումրիում և Սպիտակում, այդ թվում՝ միակողմանի և երկկողմանի որբերի համար։

1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում Մետաքսեն ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել է արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը։ Այդ տարիներին նա ակտիվորեն զբաղվել է Արցախյան ազատամարտի մասնակիցներին և նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու և անհրաժեշտ աջակցություն կազմակերպելու աշխատանքներով։

Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առանձնանում են «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և այլ ժողովածուներ, ինչպես նաև 1995 թվականին հրատարակված «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրականության ոլորտում նրա հեղինակած ստեղծագործություններից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։

Մետաքսեի ստեղծագործությունները հրատարակվել են նաև ռուսերեն լեզվով։ Նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և այլ լեզուներով։ 

Որպես պատվիրակ՝ Մետաքսեն մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոնների՝ իր ստեղծագործություններով ներկայացնելով հայ պոեզիան միջազգային մշակութային հարթակներում։

Մետաքսեն կազմել է «Դափնեպսակ Չարենցին» բանաստեղծությունների ժողովածուն, որի առաջաբանը գրել է Արփենիկ Չարենցը։

Իր ստեղծագործական և հասարակական գործունեությամբ Մետաքսեն նշանակալի ներդրում է ունեցել հայ գրականության և մշակույթի զարգացման, հայ պոեզիայի հանրահռչակման, ինչպես նաև հայրենանվեր և բարեգործական գործունեության ոլորտներում։

Մետաքսեն ստացել է բազմաթիվ մեդալներ, որոնցից են՝ ՀՀ ՊՆ ոսկե և «Զորավար Անդրանիկ» մեդալները (1998 թ.), Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար շնորհված ոսկե մեդալը և Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալը (2004 թ.), ՀՀ ԵԿՄ «Հայաստանի Երկրապահ» մետաքսե հուշամեդալը (2006 թ.), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը, «Զորավար Անդրանիկ» մեծադիր մեդալը և ՀԳՄ գրական վաստակի համար մեդալը (2007 թ.), «Մովսես Խորենացի» մեդալը (2008 թ.) և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը (2011 թ.)։

Մետաքսեն մահացել է 2014 թվականի օգոստոսի 10-ին, Երևանում։


Image Description
Քվեարկությունն ավարտվել է

26.08.2026-06.09.2026

Երևան քաղաքում Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի հ.40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարակից պուրակն անվանակոչել դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ՝ «Հրաչուհի Ջինանյան պուրակ»:


Կենսագրական տվյալներ.

Դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսում։ 

1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1941 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր։

Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը։

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով։

1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը։

1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում։

2001 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

2003 թվականին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ 

Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը։

Դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու միջնորդությունը ներկայացվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից՝ հաշվի առնելով, որ 2026 թվականին լրանում է Հանրային ռադիոյի հիմադրման 100-ամյակը:

Հրաչուհի Ջինանյանի ձայնը տասնամյակներ շարունակ ուղեկցել է Հայաստանի ռադիոլսողներին: Նրա հնչեցրած «Երևանն է խոսում» ազդականչը մի քանի սերունդների համար դարձել է Հայկական ռադիոյի խորհրդանիշ: Ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվում են նրա կատարմամբ հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների բացառիկ ձայնագրություններ:

Հրաչուհի Ջինանյանը մահացել է 2012 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևանում:

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

13.08.2026-27.08.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Երվանդունիների անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում) անվանափոխել Երվանդունիներ անվամբ՝ «Երվանդունիների փողոց»: Համապատասխանաբար, անվանափոխել նաև` - Տիչինայի փողոցի 1-ին փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում նախկին «Մետաքս» գործարանի մոտ) ՝ «Երվանդունիների փողոցի 1-ին փակուղի» անվամբ: - Տիչինայի փողոցի 2-րդ փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցից շրջանաձև հասնում՝ հ.01-007-0239-0075 կադաստրային ծածկագրով գույքին)` «Երվանդունիների փողոցի 2-րդ փակուղի» անվամբ: - Տիչինայի փողոցի 1-ին նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում՝ «Երվանդունիների փողոցի 1-ին նրբանցք» անվամբ: - Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)` «Երվանդունիների փողոցի 2-րդ նրբանցք» անվամբ: - Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքը (սկսվում է ոռոգիչ ջրանցքի աջ ափի տարածքից և հասնում է Շահումյան 17-րդ փողոց)` «Երվանդունիների փողոցի 3-րդ նրբանցք» անվամբ: - Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)` «Երվանդունիների փողոցի 4-րդ նրբանցք» անվամբ: Նախագծի հեղինակ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ` Հայկ Գրիգորյան: Կենսագրական տվյալներ Առաջարկվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցն անվանափոխել Երվանդունիների անվամբ՝ «Երվանդունիների փողոց»՝ հետևյալ պատճառաբանությամբ։ Հայոց պետականությունը ունեցել է մի շարք արքայատոհմեր, որոնցից առաջինը և իրավամբ բուն հայկական արքայատոհմը հենց Երվանդունիներն են, սակայն, ցավոք, մինչ այսօր Երևանում չկա անվանակոչված որևէ փողոց նրանց անվամբ։ Երվանդունիների թագավորությունը հայկական պետությունն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 570 - 201թթ, հայոց ուրարտական թագավորությունից հետո ըստ էության առաջին պետական կազմավորումը։ Երվանդունիների կառավարման սկզբնական շրջանում Հայաստանի մայրաքաղաքն էր Տուշպա-Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Արքայատոհմը կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ նրանք Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Ըստ պատմիչի, հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612թ․ դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Տիչինա փողոցը բավականին մեծ ու կարևոր փողոց է Երևան քաղաքում, սակայն այդ անունը որևէ աղերս չունի հայկական մշակույթի, պատմության կամ հանրային որևէ ոլորտի հետ։ Պավլո Տիչինան եղել է ՈւԽՍՀ լուսավորության մինիստր (1943-1948), ուկրաինացի խորհրդային պետական և հասարակական գործիչ։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի անդամ (1952-1959, այնուհետև՝ 1960-ից), ԽՍՀՄ II-V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1953-1959 թվականներին՝ ՈւՍՍՀ Գերագույն սովետի նախագահ։ 1954-1962 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահի տեղակալ:


Image Description
Քվեարկությունն ավարտվել է

13.08.2026-27.08.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Ազատ Գասպարյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ  փողոցն (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) անվանակոչել հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ՝ «Ազատ Գասպարյան փողոց», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0047 կադաստրային ծածկագրով գույք հասնող՝ հ.01-011-1592-0001 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 1-ին փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0050 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 2-րդ փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և Ազատ Գասպարյան փողոցի 2-րդ փակուղու հարակից հատված հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 3-րդ փակուղի»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` Հայկ Միրզոյան:

 

Կենսագրական տվյալներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցն առաջարկվում է անվանակոչել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի անվամբ՝ հաշվի առնելով նրա բացառիկ ավանդը հայկական թատրոնի և կինոյի զարգացման գործում, ինչպես նաև նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը։

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Երևանում։ Այս նախագծում առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը զուգահեռ է արդեն իսկ Արմեն Խոստիկյանի անվամբ կոչվող փողոցին, ինչը հնարավորություն է տալիս տարածական և գաղափարական առումով փոխկապակցել երկու մեծանուն արվեստագետների հիշատակի հավերժացումը, որոնք տասնամյակներ շարունակ եղել են ստեղծագործական գործընկերներ և իրենց համատեղ դերակատարումներով նշանակալի հետք թողել հայկական թատրոնի և կինոյի պատմության մեջ։

Ազատ Գասպարյանի և Արմեն Խոստիկյանի ստեղծագործական համագործակցության ամենավառ օրինակներից է հանրության կողմից առանձնահատուկ սիրված և հայկական կինոյի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Մեր բակը», որի կերպարներն ու դերակատարումները մինչ օրս շարունակում են սիրվել և մնալ հանրային հիշողության անբաժանելի մասը։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը, սակայն, չի սահմանափակվել միայն այս ֆիլմով։ Երկու արվեստագետները տարբեր տարիներին հանդես են եկել նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում՝ այդ թվում «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» կինոնկարներում, ինչպես նաև երկար տարիներ միասին ստեղծագործել են թատերական բեմում՝ իրենց դերակատարումներով նպաստելով հայկական թատերարվեստի և կինոարվեստի զարգացմանն ու ազգային մշակութային ժառանգության հարստացմանը։ Երկու ժողովրդական արտիստներն ունեցել են նաև երկարամյա համատեղ բեմական գործունեություն՝ հանդիսանալով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից և ձևավորելով այն ստեղծագործական միջավայրը, որը տասնամյակներ շարունակ կերտել է հայկական թատերարվեստի լավագույն ավանդույթները։

Ազատ Գասպարյանի թատերական ուղին սկսվել է 1970թ-ից, երբ ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ընդունվել և մինչև 1972 թվականն աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-1980 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում։ 1970 թվականին նկարահանվել է՝ «Հեղնար աղբյուր», 1974 թվականին՝ «Համագյուղացիները», 1976 թվականին՝ «Երկունք», 1978 թվականին՝ «Հուսո աստղ», 1980 թվականին՝ «Համր վկան», 1981 թվականին՝ «Սիրո փոքրիկ պատմություն», 1982 թվականին՝ «Երջանկության մեխանիկան», 1982 թվականին՝ «Հին օրերի երգը», 1983 թվականին՝ «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր», 1984 թվականին՝ «Ճերմակ անուրջներ», 1984 թվականին՝ «Մեր մանկության տանգոն», 1985 թվականին՝ «Ո՞ւր ես գնում, զինվոր», 1987 թվականին՝ «Բառը», 1988 թվականին՝ «Շնչառություն», 1989 թվականին՝ «Աստված իմ, ինչո՞ւ», 1990 թվականին՝ «Ձանձրույթ», 1992 թվականին՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 2000 թվականին՝ «Ուրախ ավտոբուս» և այլ ֆիլմերում։

Մեծանուն դերասանը նկարահանվել է նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։ 2000 թվականին գրել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, ունի մի շարք տեսա-ձայնասկավառակներ։

Ազատ Գասպարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է: Նա մահացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին


Image Description
Քվեարկությունն ավարտվել է

03.08.2026-17.08.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Ջրբաշյան եղբայրների անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցն (սկսվում է Ուրուգվայի հրապարակից, հասնում մանկական երկաթուղի) անվանափոխել ակադեմիկոսներ Մխիթար և Էդվարդ Ջրբաշյան եղբայրների անվամբ` «Ջրբաշյան եղբայրների փողոց»:

Նախագծի հեղինակ՝  Երևանի քաղաքապետարան:


Կենսագրական տվյալներ

Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանում:

1936-1941 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում։ 1945 թվականին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական աշխատանքը։

1964-1978 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում՝ 1964-1973 թվականներին զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը։ 1957-1960 թվականներին եղել է  ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկանը, 1978-1994 թվականներին՝ նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչը։ Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» (ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականից։

1971-1989 թվականներին Ջրբաշյանը եղել է նոր կազմավորված մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենը։ Շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ: 1964 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչումով, 1971 թվականին՝ Աշխատանքային կարմիր դրոշի և 1978 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով:

Մխիթար Ջրբաշյանը մահացել է 1994 թվականին, Երևանում:

Էդվարդ Ջրբաշյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան հ.23 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է սովետական բանակ։ Սովորել է Հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում (Թբիլիսի)։

1943-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Զորացրվելուց հետո՝ 1945 թվականին, ընդունվել և 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։

1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։ 1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթ» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է  «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։ 1966-1970 թվականներին գլխավորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը։

1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրենը։ Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985), «Չորս գագաթ» (Մոսկվա,1990) գրքերը։

Էդվարդ Ջրբաշյանը մահացել է 1999 թվականին, Երևանում:

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

03.08.2026-17.08.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Կարեն Սմբատյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցը՝ նրբանցքներով, անվանափոխել հայ արվեստագետ և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անվամբ՝ «Կարեն Սմբատյան փողոց» (սկսվում է Սեբաստիայի փողոցից, հասնում՝ Առնո Բաբաջանյան փողոց), «Կարեն Սմբատյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է հ.33 և հ.35 շենքերի մոտից, հասնում՝ Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է հ.57 և հ.01-007-0436-0033 կադաստրային ծածկագրով գույքերից, հասնում՝ Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 3-րդ նրբանցք» (զուգահեռ է 2-րդ նրբանցքին):

Նախագծի հեղինակ՝  Երևանի քաղաքապետարան:


Կենսագրական տվյալներ

Հայ գեղանկարիչ Կարեն Վահանի Սմբատյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 21-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Ուսումնառության ընթացքում ձևավորվել է նրա ստեղծագործական աշխարհայացքը, որը հիմնված էր հայկական դասական կերպարվեստի, միջնադարյան մանրանկարչության և եվրոպական գեղանկարչության լավագույն ավանդույթների վրա։ 1952-1956 թվականներին ծառայել է խորհրդային ռազմածովային ուժերում՝ շարունակելով զբաղվել ստեղծագործական աշխատանքով, իսկ ծառայությունից հետո ամբողջությամբ նվիրվել է գեղանկարչությանը։

Կարեն Սմբատյանը համարվում է ժամանակակից հայկական կերպարվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը։ Իր ստեղծագործություններում նա հանդես է եկել որպես դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի, թեմատիկ և խորհրդանշական կոմպոզիցիաների հեղինակ։ Նրա գեղարվեստական մտածողությունն առանձնանում էր գունային համարձակ լուծումներով, պարզեցված ձևերով և ազգային խորհրդանիշների ինքնատիպ մեկնաբանությամբ, ինչի համար արվեստասերները նրան անվանել են «Գույների ասպետ»։

1966-1980 թվականներին աշխատել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական պարբերականների գեղարվեստական խմբագիր։ Այդ տարիներին նկարազարդել է հայ և համաշխարհային գրականության բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական և արաբական ժողովրդական հեքիաթների ժողովածուներ։

Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առանձնանում են «Ինքնանկար» (1972), «Զորախաղ» (1977-1978), «Զարթնիր, լաո» (1982), «Աղբյուր Սերոբ» (1985), «Տեղատվություն» (1996), «Գագիկ Գինոսյանի դիմանկարը» (2004), «Գեղեցկուհի Ասպազիա» (2005), «Աշնան արև» (2005) և «Միջօրե» (2005) կտավները, որոնք վկայում են հեղինակի ստեղծագործական բազմազանության, ազգային մտածողության և գեղարվեստական բարձր վարպետության մասին։ Կարեն Սմբատյանի ստեղծագործությունները ցուցադրվել են բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներում Հայաստանում և արտերկրում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Նրա աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի գրականության և արվեստի թանգարանում, ինչպես նաև աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Ստեղծագործական հարուստ գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և պարգևների։

2007 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ հայ կերպարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Կարեն Սմբատյանը մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 27-ին, Երևանում:

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

26.05.2026-19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցին) անվանակոչել հայ կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի անվամբ՝ «Էդուարդ Բաղդասարյան փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝  Արևիկ Բլեջյանց և Տաթևիկ Հովակիմյան:


Կենսագրական տվյալներ

Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է Երևանում։ 

Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել 1940 թվականին։  Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։ 1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։ 

1951-1953 թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։             

1956-1966թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը, 1961-1987 թթ. դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1982 թվականից որպես պրոֆեսոր։ 

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։

Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976): «Տժվժիկ» և «Եռանկյունի» ֆիլմերում օգտագործվել է նրա երաժշտությունը։

Էդուարդ Բաղդասարյանը մահացել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին:


Image Description
Քվեարկությունն ավարտվել է

12.05.2026-19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Կոստանդին Երզնկացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցն (զուգահեռ է Մխիթար Սեբաստացու փողոցին) անվանակոչել հայ միջնադարյան նշանավոր տաղերգու, բանաստեղծ Կոստանդին Երզնկացու անվամբ՝ «Կոստանդին Երզնկացու փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հանրապետություն» խմբակցության անդամ Գոհար Բալդրյան, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հեղինե Ոսկանյան, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյան:


Կենսագրական տվյալներ

Առաջարկվող անվանակոչումը պայմանավորված է ինչպես պատմամշակութային կարևոր հանգամանքներով, այնպես էլ քաղաքաշինական և տեղանվանական տրամաբանությամբ։ Սիլիկյան 3-րդ փողոցը գտնվում է Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու անվամբ փողոցների անմիջական հարևանությամբ, որոնք կրում են հայ մշակույթի և հոգևոր ժառանգության կարկառուն ներկայացուցիչների անուններ։ Նշված համատեքստում Կոստանդին Երզնկացու անվան ներառումը նույն տարածքում ստեղծում է ամբողջական և ներդաշնակ տեղանվանական միջավայր՝ ձևավորելով յուրատեսակ մշակութային-հոգևոր «կլաստեր», որտեղ յուրաքանչյուր փողոց խորհրդանշում է հայ մտավոր և գրական ավանդույթի կարևորագույն շերտերից մեկը։ Այսպիսով, լուծվում է տեղանվանական համահունչ զարգացման խնդիր՝ միաժամանակ նպաստելով տվյալ թաղամասի ինքնության հստակեցմանը և արժեհամակարգային բովանդակության հարստացմանը։

Կոստանդին Երզնկացին հանդիսանում է միջնադարյան հայ գրականության և փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ապրել և ստեղծագործել է 13–14-րդ դարերում և հայտնի է իր խորախոհ, բարոյախրատական և փիլիսոփայական ստեղծագործություններով, որոնք կարևոր դեր են խաղացել հայ մտավոր ժառանգության ձևավորման գործում։ Երզնկացին իր գործերում անդրադարձել է մարդկային կյանքի անցողիկության, բարոյական կատարելության, գիտելիքի արժեքի և հոգևոր կատարելագործման թեմաներին՝ հանդես գալով որպես իր ժամանակի առաջադեմ մտածողներից մեկը։

Նրա ստեղծագործությունները առանձնանում են լեզվական նրբությամբ, պատկերավորությամբ և գաղափարական խորությամբ։ Երզնկացին կարողացել է համադրել կրոնական-աստվածաբանական մտածողությունը աշխարհիկ իմաստասիրության հետ՝ ստեղծելով մի ժառանգություն, որը մինչ օրս պահպանել է իր արդիականությունն ու դաստիարակչական նշանակությունը։ Նրա գործունեությունը կարևոր է նաև այն առումով, որ նա նպաստել է կրթական և մտավոր կյանքի զարգացմանը՝ տարածելով գիտելիք և արժևորելով ուսումը որպես հասարակության առաջընթացի հիմնասյուն։

Կոստանդին Երզնկացու անվամբ փողոցի անվանակոչումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ մտածողի հիշատակին, այլև կարևոր քայլ է հանրային տարածքում ազգային մշակութային հիշողության ամրապնդման ուղղությամբ։ Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդ սերնդի կրթադաստիարակչական գործընթացին՝ խթանելով հետաքրքրությունը հայ պատմության, գրականության և մտավոր ժառանգության նկատմամբ։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ փողոցը գտնվում է Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու անվամբ փողոցների հարևանությամբ, առաջարկվող անվանակոչումը ձևավորում է թեմատիկ ամբողջականություն՝ ընդգծելով հայ եկեղեցական, կրթական և գրական գործիչների փոխկապակցված դերը ազգային ինքնության ձևավորման մեջ։ Այս համադրությունը ստեղծում է յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ տարածական կազմակերպումն ինքնին դառնում է կրթական և խորհրդանշական արժեք կրող գործոն։

Վերոգրյալից ելնելով՝ Սիլիկյան 3-րդ փողոցը Կոստանդին Երզնկացու անվամբ անվանակոչելը հիմնավորված և նպատակահարմար քայլ է, որը միաժամանակ լուծում է տեղանվանական հստակեցման խնդիր, հարստացնում է քաղաքային մշակութային դաշտը և հավուր պատշաճի արժևորում հայ մեծ մտածողների ժառանգությունը:

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

12.05.2026-19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Գրիգոր Եղիազարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան 12-րդ փողոցին) անվանակոչել հայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի անվամբ՝ «Գրիգոր Եղիազարյան փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Քրիստինե Վարդանյան, Զարուհի Աղաջանյան:


Կենսագրական տվյալներ

Գրիգոր Եղիազարյանը ծնվել է 1908 թվականին Սուրմալուի գավառի Բլուր գյուղում, իսկ ավելի ուշ իր բազմանդամ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 

1918-1920 թվականների ընթացքում կորցրել է բոլոր մերձավորներին և որբացել։ Պատանեկության տարիներին անցել է զինվորական ծառայության։

Կոմպոզիտորը շուրջ յոթ տարի զինվորական նվագախմբի փողհարն է եղել։ Ամենօրյա պարապմունքների շնորհիվ ձգտել է մասնագիտանալ երաժշտության ասպարեզում։ Ապագա կոմպոզիտորը ուսում ստանալու նպատակով սկզբում սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության, այնուհետև կոմպոզիցիայի դասարանում։ 

1935 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ սովորում էր ռուս կոմպոզիտոր և մանկավարժ Ն.Մյասկովսկու ստեղծագործական դասարանում։ Մոսկվայի կոնսերվատորիայում նա լուրջ, հիմնավոր տեսական ու գործնական գիտելիքներ է ձեռք բերել։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո կոմպոզիտորը տեղափոխվել է Լենինական, այստեղ նա համագործակցել է Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվի հետ։ Երաժշտություն է գրել տարբեր ներկայացումների համար՝ Ուիլյամ Շեքսպիրից մինչև երիտասարդ հայ դրամատուրգների պիեսներ։ Սիրել է թատրոնը, որն էլ երաժշտի առջև ստեղծագործական լայն ասպարեզ է բացել։ Լենինականում սկիզբ է առել գործունեության մի այլ բնագավառ ևս՝ մանկավարժական աշխատանքը։ Երևանում բնակություն է հաստատելը 1938 թվականին։ Այս տարիներին նույնպես շարունակել ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև գրել երաժշտություն Լենինականի և Երևանի գեղարվեստական թատրոնների համար։

Ստեղծագործական աշխատանքին համընթաց նա մանկավարժական գործունեություն է ծավալել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և Երևանի կոնսերվատորիայում։ Սկզբում ղեկավարել է գործիքավորման, իսկ 1948 թվականից չորս տասնամյակ անընդմեջ՝ ստեղծագործական դասարանը։

1948 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 

1953-1957 թվականներին եղել է ՀԿՄ վարչության նախագահ, 1954-1960 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր։

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է նրա սաներից են Գևորգ Արմենյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը, Երվանդ Երկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աշոտ Զոհրաբյանը, Նուբար Ասլանյանը և ուրիշներ։

Հայրենական մեծ պատերազմի փորձությունների շրջանում ծնվեց «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը՝ կոմպոզիտորի առաջին մեծածավալ կտավը, որը 40-ական թվականների ազգային սիմֆոնիկ երաժշտության լուրջ նվաճումների խորհրդանիշն եղավ։ 

Եղիազարյանի ստեղծագործությունների ցանկը ծավալուն չէ, համեստ է, բայց դա փոխհատուցվում է ազգային արվեստում նոր ուղիներ հայտանշող ինքնատիպությամբ, հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը իրականության արտացոլման նոր ձևով հարստացնելով։

Եղիազարյանի գեղարվեստական աշխարհը սնող ակունքները բազմաբնույթ են, բայց առաջնայինն ազգայինն է։ Եղիազարյանի մտածողության ազգային բնույթը բնական է դարձնում ժողովրդական երաժշտության բոլոր բնագավառներին անմիջականորեն կամ միջնորդավորված հաղորդակից լինելը։ ժողովրդական երգերի ու պարերի հմուտ օգտագործման օրինակներից են «Կալի երգը»՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմում, «Ամպել ա, տուն չի գալիսը»՝ Ջութակի կոնցերտում։ ժողովրդական մի շարք մեղեդիներ տեղ են գտել «Սևան» բալետում, որոնցից «Նուբար, Նուբարը» ոչ միայն լայտթեմայի նշանակություն է ձեռք բերել, այլև դարձել ժողովրդական մեղեդու օգտագործման յուրատեսակ բարձրակետերից մեկը՝ իր նրբաճաշակությամբ, գործիքային հնչերանգների հնարամտությամբ ու հարազատությամբ ազգայինին։ 

Եղիազարյանը որդեգրել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, բայց ամենից ավելի Կոմիտասի ստեղծագործական սկզբունքները։Կոմպոզիտորին հոգեհարազատ են հատկապես իմպրեսիոնիզմին բնորոշ այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են պատկերայնությունը, արտահայտիչ ու ճկուն երաժշտական լեզուն, հնչյունային-գունային միջոցները։ Սեփական գեղարվեստական դիրքորոշումը, գեղարվեստական արժեքների նկատմամբ ինքնուրույն գեղագիտական հայացքը, հնարավորություն տվեցին ստեղծելու իր սեփական նկարագիրն ունեցող ազգային աշխարհը։ 

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

12.05.2026-19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Ավետ Տերտերյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 7-րդ փողոցի 2/6 հասցեի հարակից տարածքից հասնում մինչև Սիլիկյան 7-րդ փողոցի 102/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվամբ՝ «Ավետ Տերտերյան փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Քրիստինե Վարդանյան, Զարուհի Աղաջանյան


Կենսագրական տվյալներ

Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականին։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի։ 

1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 

1952 թվականին Տերտերյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին,  Էդվարդ Միրզոյանի դասարան։ 

1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ 

Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։

Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և  հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր է գնահատվել մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տերտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժշտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։

Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը:

Գրել է 8 սիմֆոնիա։ Այստեղ նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։

1969 թվականին ստեղծել է իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի է բացել հայկական երաժշտության մեջ։ Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ։ 

1972 թվականին գրել է  2-րդ սիմֆոնիան՝ մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար։ 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան։

1975 թվականին՝ 3-րդ սիմֆոնիան։ Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ։ Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է։ Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք։

Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները կատարել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում , Եվրոպայում՝ Գերմանիայում։

Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա։ 

Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

11.05.2026-19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Անանիա Շիրակացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան 11-րդ փողոցին) անվանակոչել մաթեմատիկոս, աստղագետ, պատմաբան, փիլիսոփա Անանիա Շիրակացու անվամբ՝ «Անանիա Շիրակացու փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Հեղինե Ոսկանյան, Նատալյա Սինորյան


Կենսագրական տվյալներ

Սիլիկյան 12-րդ փողոցը հանդիսանում է ներկայումս Երևան համայնքից, մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանից նախատեսվող «Ակադեմիական քաղաք» տանող միակ գլխավոր ճանապարհը։ Այս հանգամանքը տալիս է նշված փողոցին բացառիկ խորհրդանշական նշանակություն՝ այն ոչ միայն ֆիզիկական կապող հանգույց է կրթության, գիտության և նորարարության կենտրոնի հետ, այլև Հայաստանի գիտական ու մշակութային ժառանգության հետ հոգևոր ու մտավոր կապ ստեղծող կարևոր հատված։

Անանիա Շիրակացին (610–685թթ.) եղել է միջնադարի հայ խոշորագույն գիտնականներից մեկը։ Նա ծավալել է գիտական գործունեություն աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարագիտության, աշխարհագրության և փիլիսոփայության ոլորտներում, մշակել է սեփական իմաստասիրական համակարգ, ստեղծել լուսնային խավարումների և աստղագիտական երևույթների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակներ, կազմել թվաբանության և ձայնագիտության բնագավառների դասագրքեր, թողել արժեքավոր բազում աշխատություններ։

Սիլիկյան 12-րդ փողոցի անվանակոչումը Անանիա Շիրակացու անվամբ ունի համազգային կարևորություն, քանի որ

1. Պատահական չէ, այլ խորհրդանշական ընտրություն է՝ փողոցը միավորում է ներկայիս քաղաքը և կրթության ապագա կենտրոնը՝ Ակադեմիական քաղաքը, ինչպես Անանիա Շիրակացին միավորել է գիտական փորձն ու ուսուցումը իր ժամանակում։

2. Հարգանքի և հիշատակության վկայություն է հայ գիտական մտքի հզոր ու նորարարական ավանդին, ինչը հատկապես կարևոր է կրթության ու գիտության կենտրոնի մուտքի համար։

3. Համակցված միջավայր: Սիլիկյան 12-րդ փողոցի հարևանությամբ արդեն գտնվում են Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու փողոցները, իսկ մեկ այլ փողոց էլ առաջարկվում է անվանակոչել Գրիգոր Տաթևացու անվամբ: Սա ստեղծում է համաչափ, գիտական և մշակութային արժեքներով հարուստ փողոցային միջավայր, որը խորհրդանշում է հայկական մտքի և կրթության անընդմեջ շարունակությունը: 

4. Հանրային և հոգևոր ազդեցություն: Ուսանողներն ու գիտնականները, օգտագործելով այդ փողոցը, անմիջապես կզգան ազգային գիտական ժառանգության հետ իրենց մտավոր ու հոգևոր կապը:

Այսպիսով, Սիլիկյան 12-րդ փողոցը անվանակոչելով «Անանիա Շիրակացու փողոց», մենք ոչ միայն հարգում ենք մեր մեծագույն գիտնականի հիշատակը, այլև ստեղծում ենք խորհրդանշական, մտավոր ու հոգևոր ուղի դեպի Հայաստանի գիտության և կրթության նոր սերնդի կենտրոն։

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

23.04.2026-19.06.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Գուրգեն Էդիլյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավանի 6-րդ փողոցը (սկսվում է Ավանի 3-րդ փողոցից, հատելով Ավանի 5-րդ և Մարշալ Խուդյակովի փողոցները, հասնում Դավիթ Մալյան փողոց), 1-ին նրբանցքը (սկսվում է Ավանի 6-րդ փողոցից, կիսաշրջան կազմելով հասնում Ավանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.22/2 հասցեի հարակից տարածք) և 2-րդ նրբանցքը (սկսվում է Ավանի 6-րդ փողոցից, հասնում Ավանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցք) անվանակոչել հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ Գուրգեն Էդիլյանի անվամբ՝ «Գուրգեն Էդիլյանի փողոց», «Գուրգեն Էդիլյան փողոց, 1-ին նրբանցք»,  «Գուրգեն Էդիլյան փողոց, 2-րդ նրբանցք»:

Նախագծի հեղինակ՝  Երևանի քաղաքապետարան


Կենսագրական տվյալներ

Հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի 25-ին, Իջևանում:

Էդիլյանը սովորել է Քարավանսարայի ծխական, իսկ 1896–1898 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։

1898–1903 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժնում։

1904 թվականին մեկնել է արտասահման, սովորել Ենայի (Գերմանիա), Լայպցիգի (Գերմանիա) և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում։ Այնտեղ մուտք է գործել տեղի գիտական միջավայր՝ ծանոթանալով Վիլհելմ Վունդտի, Հերման Էբինգաուզի, Շռնստ Մյոյմանի հետ։ 

1909 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել՝ պաշտպանելով «Ցիլլերի ֆորմալ աստիճանների քննադատություն» թեմայով աշխատությունը, որը 1912 թվականին հայերեն տպագրվել է Էջմիածնում։ Ուսումն ավարտելուց հետո Էդիլյանը վերադարձել է Հայաստան։

1914–1919 թվականներին աշխատել է Ներսիսյան դպրոցում։ 1916 թվականից՝ պատերազմական ծանր տարիներին, եղել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսուչ, կազմակերպել անապաստան երեխաների կրթության և դաստիարակության գործը։

1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ստանձնել է հանրապետության տարրական դպրոցների տեսուչի պարտականությունները։

Հանդիսացել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը։

1921 թվականին էդիլյանը հրավիրվել է համալսարան և նշանակվել մանկավարժական ֆակուլտետի դեկան։

1922–1925 թվականներին աշխատել է Ամերկոմի դպրոցների վերատեսչի պաշտոնում։ 1928–1933 թվականներին կրկին աշխատել է պետական համալսարանում, դասավանդել հոգեբանություն, մայրենի լեզվի մեթոդիկա։

1934–1937 թվականներին զուգահեռ աշխատել է նաև Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան մանկավարժական ինստիտուտի էքսպերիմենտալ ֆոնետիկայի և հոգեբանության լաբորատորիայում։ Ուսումնասիրել է ուսուցման տեսությունը, ընդհանուր և մանկավարժական հոգեբանությունը, զբաղվել հայոց լեզվի դասավանդման, մեթոդաբանության, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության, գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, հայկական տառատեսակների և նրանց դյուրընթեռնելիության հարցերով։

Հեղինակ է եղել հոգեբանության, մանկավարժության, մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկային, հայ գրականության պատմությանը վերաբերող մի շարք աշխատությունների։ Էդիլյանը եղել է առաջին մանկավարժ հոգեբանը, ով Հայաստանում դրել է հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, կազմակերպել է հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա և զբաղվել հոգեկանի ուսումնասիրմամբ ու մեկնաբանմամբ։

1937 թվականին Գուրգեն Էդիլյանը դարձել է բռնաճնշումների զոհ և աքսորվել։

Մահացել է 1942թ. հունվարի 18–ին աքսորավայրում՝ մերձբայկալյան Տայշետ բնակավայրի մոտ:

Image Description
Քվեարկությունն ավարտվել է

14.04.2026-20.04.2026

Քվեարկություն Երևան քաղաքում Պապ թագավորի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Այլ

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը՝ (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում՝ Սարյան փողոց) անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյան:


Կենսագրական տվյալներ

Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում:

Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին: Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն էր: Կառավարել է ընդամենը 6 տարի: Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունն անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս 364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության: 371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ:

Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն  մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման:

Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ, Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:

Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով և երկրի ինքնավարությւոնը ամրապնդելու նպատակով Պապը, Մուշեղ սպարապետի օգնությամբ, կազմավորում է 90.000-անոց հզոր, մարտունակ բանակ: Հարկ է նշել, որ նրա գահակալման պահին հայկական բանակի թիվը կազմում էր 10.000: Հաջորդ հատկանշական քայլն էր եկեղեցապատկան մեծաթիվ հողերի կրճատումն էր. երիտասարդ ու համարձակ ղեկավարը եկեղեցապատկան 7 հողամասերից 5-ը դարձնում է արքունիքի սեփականություն: Նա նաև կրճատեց վանականների թիվը, նրանցից շատերին պարտադրեց անցնել զինվորական ծառայություն: Պապը հանձն առավ փակել կուսանոցները՝ ի նպաստ բնակչության թվի ավելացման:

Պապի օրոք հայ եկեղեցին անկախություն ձեռք բերեց, և Ներսեսին հաջորդող կաթողիկոսները այլևս օծվում էին Հայաստանում, ոչ թե Կեսարիայում, ինչպես դա տեղի էր ունենում Պապից առաջ:

Իր գահակալության հատկապես վերջին տարիներին Պապը, որը իր նախորդների համեմատությամբ շատ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սկսում է լիարժեք ինքնավար քաղաքականություն տանել՝ չծառայելով Հռոմեական կայսրությանը. նա դիվանագիտորեն դուրս է բերում Հայաստանից հռոմեական կայազորը:

Այս ամենն իհարկե չէր կարող անհետևանք մնալ, արդյունքում Վաղես կայսրին սուտ  լուրեր են հասցնում Պապի գործունեության մասին և վերջինս Պապին հրավիրում է Տարսոն. տեղի հայ պաշտոնյաները զգուշացնում են նրան, որ Վաղեսն այլևս թույլ չի տալու հայոց թագավորին վերադառնալ հայրենիք: Նույն օրվա գիշերը Պապը իր թիկնազորով ճեղքում է քաղաքի պաշտպանությունն ու հասնում Հայաստան: 374 թվականին Պապ թագավորը դավադրաբար սպանվում է հռոմեացիների կողմից խնջույքի ամենաթեժ պահին: