Քվեարկություն Երևան քաղաքում Կոստանդին Երզնկացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Քվեարկություն Երևան քաղաքում Կոստանդին Երզնկացու անվամբ փողոց անվանակոչելու մասին

Icon
0
Icon
51
Icon

Հրապարակման օր՝ 11.05.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 12.05.2026-19.06.2026

Icon

Հասցե՝ Սիլիկյան 3-րդ փողոց

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցն (զուգահեռ է Մխիթար Սեբաստացու փողոցին) անվանակոչել հայ միջնադարյան նշանավոր տաղերգու, բանաստեղծ Կոստանդին Երզնկացու անվամբ՝ «Կոստանդին Երզնկացու փողոց»։

Նախագծի հեղինակ՝  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյան,  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հանրապետություն» խմբակցության անդամ Գոհար Բալդրյան, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հեղինե Ոսկանյան, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյան:


Կենսագրական տվյալներ

Առաջարկվող անվանակոչումը պայմանավորված է ինչպես պատմամշակութային կարևոր հանգամանքներով, այնպես էլ քաղաքաշինական և տեղանվանական տրամաբանությամբ։ Սիլիկյան 3-րդ փողոցը գտնվում է Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու անվամբ փողոցների անմիջական հարևանությամբ, որոնք կրում են հայ մշակույթի և հոգևոր ժառանգության կարկառուն ներկայացուցիչների անուններ։ Նշված համատեքստում Կոստանդին Երզնկացու անվան ներառումը նույն տարածքում ստեղծում է ամբողջական և ներդաշնակ տեղանվանական միջավայր՝ ձևավորելով յուրատեսակ մշակութային-հոգևոր «կլաստեր», որտեղ յուրաքանչյուր փողոց խորհրդանշում է հայ մտավոր և գրական ավանդույթի կարևորագույն շերտերից մեկը։ Այսպիսով, լուծվում է տեղանվանական համահունչ զարգացման խնդիր՝ միաժամանակ նպաստելով տվյալ թաղամասի ինքնության հստակեցմանը և արժեհամակարգային բովանդակության հարստացմանը։

Կոստանդին Երզնկացին հանդիսանում է միջնադարյան հայ գրականության և փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ապրել և ստեղծագործել է 13–14-րդ դարերում և հայտնի է իր խորախոհ, բարոյախրատական և փիլիսոփայական ստեղծագործություններով, որոնք կարևոր դեր են խաղացել հայ մտավոր ժառանգության ձևավորման գործում։ Երզնկացին իր գործերում անդրադարձել է մարդկային կյանքի անցողիկության, բարոյական կատարելության, գիտելիքի արժեքի և հոգևոր կատարելագործման թեմաներին՝ հանդես գալով որպես իր ժամանակի առաջադեմ մտածողներից մեկը։

Նրա ստեղծագործությունները առանձնանում են լեզվական նրբությամբ, պատկերավորությամբ և գաղափարական խորությամբ։ Երզնկացին կարողացել է համադրել կրոնական-աստվածաբանական մտածողությունը աշխարհիկ իմաստասիրության հետ՝ ստեղծելով մի ժառանգություն, որը մինչ օրս պահպանել է իր արդիականությունն ու դաստիարակչական նշանակությունը։ Նրա գործունեությունը կարևոր է նաև այն առումով, որ նա նպաստել է կրթական և մտավոր կյանքի զարգացմանը՝ տարածելով գիտելիք և արժևորելով ուսումը որպես հասարակության առաջընթացի հիմնասյուն։

Կոստանդին Երզնկացու անվամբ փողոցի անվանակոչումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ մտածողի հիշատակին, այլև կարևոր քայլ է հանրային տարածքում ազգային մշակութային հիշողության ամրապնդման ուղղությամբ։ Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդ սերնդի կրթադաստիարակչական գործընթացին՝ խթանելով հետաքրքրությունը հայ պատմության, գրականության և մտավոր ժառանգության նկատմամբ։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ փողոցը գտնվում է Սահակ Պարթևի և Մխիթար Սեբաստացու անվամբ փողոցների հարևանությամբ, առաջարկվող անվանակոչումը ձևավորում է թեմատիկ ամբողջականություն՝ ընդգծելով հայ եկեղեցական, կրթական և գրական գործիչների փոխկապակցված դերը ազգային ինքնության ձևավորման մեջ։ Այս համադրությունը ստեղծում է յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ տարածական կազմակերպումն ինքնին դառնում է կրթական և խորհրդանշական արժեք կրող գործոն։

Վերոգրյալից ելնելով՝ Սիլիկյան 3-րդ փողոցը Կոստանդին Երզնկացու անվամբ անվանակոչելը հիմնավորված և նպատակահարմար քայլ է, որը միաժամանակ լուծում է տեղանվանական հստակեցման խնդիր, հարստացնում է քաղաքային մշակութային դաշտը և հավուր պատշաճի արժևորում հայ մեծ մտածողների ժառանգությունը:

Կո՞ղմ եք փողոցի անվանակոչմանը


Image Description

Քվեներ բլոկչեյնում



Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան