Քվեարկություն Երևան քաղաքում Խաչատուր Ավետիսյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Խաչատուր Ավետիսյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 29.01.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 30.01.2026-14.02.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան 7-րդ փողոց) անվանակոչել հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անվամբ՝ «Խաչատուր Ավետիսյան փողոց»:
Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան:
Կենսագրական տվյալներ
Հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Խաչատուր Ավետիսյանը ծնվել է 1926թ. ապրիլի 14-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի):
1949 թվականին բնակություն է հաստատել Երևանում ավելի լավ կրթություն ստանալու համար։ Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Սովորել է Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։
1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ քանոնի համար ստեղծագործությունները։
1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Շուրջ 15 տարի աշխատելով այստեղ՝ նա ստեղծել է այդ անսամբլի պարեղանակների մեծ մասը՝ այդ թվում «Կակաչներ», «Քարավան», «Կախարդական ծաղիկներ» և մի շարք այլ պարեր: Այդ տարիներին անսամբլի հետ նա շրջագայել է շուրջ 50 երկիր՝ աշխարհին ներկայացնելով հայ բեմարվեստը:
Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները։
Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար, ինչպես՝ «Խաթաբալա»-ում։
1974-1978թթ. Խ. Ավետիսյանը եղել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Այստեղ էլ նա կարճ ժամանակում ստեղծել է մի քանի նոր ծրագրեր անսամբլի համար՝ հարազատ մնալով իր ազգային ավանդույթներին:
1978թ. հիմնել է ԵՊԿ ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջ:
1961թ.՝ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 1965թ.՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին:
Խաչատուր Ավետիսյանը մահացել է 1996թ. հունիսի 27-ին, Երևանում:
Քվեներ բլոկչեյնում
Մեկնաբանություններ
Մենք երախտագիտությամբ ենք խոնարհվում այս մեծ արվեստագետի առաջ, ում անունը կրելու է այս փողոցը։
Երաժիշտ և պարող ընկերներ ջան,եկեք բոլորս բարձրաձայնենք և տարածենք,որ մեր ձայնը հասնի Քաղաքային իշխանություններին: 2026 թվականը հայտարարվի Ավետիսյանական,100 ամյա հոբելյանին նվիրված և որպես խնդրանք քաղաքի փողոցներից մեկը վերանվանվի ամենաժողովրդական կոմպոզիտորի Խաչատուր Ավետիսյանի անվամբ: