Քվեարկություն Երևան քաղաքում Աշոտ Սաթյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Աշոտ Սաթյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
0
Icon
326
Icon

Հրապարակման օր՝ 11.02.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 12.02.2026-27.02.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի  Սիլիկյան 9-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 9-րդ փողոցի հ 17 հասցեից, հասնում՝ Երևանի հ.37 մանկապարտեզի հարակից տարածք) անվանակոչել հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Սաթյանի  անվամբ՝ «Աշոտ Սաթյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան:


Կենսագրական տվյալներ

Հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Սաթյանը ծնվել է 1906թ. հունվարի 5-ին, Մերվ քաղաքում: 

Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Սաթյանը մտել է Կարմիր բանակի շարքերը:

1921-1926 թվականներին եղել է փողային նվագախմբի երաժիշտ, այնուհետև նվագախմբի ղեկավար (կապելմայստեր)։ 

1926-1930 թվականներին սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում (Ա. Մայիլյանի ղեկավարությամբ)։ 

1930 թվականից բնակվել է Երևանում, 1936 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հարո Ստեփանյան, ապա՝ Սարգիս Բարխուդարյան, Վարդգես Տալյան) և դիրիժորական (դասատու՝ Կոստանտին Սարաջև) դասարանները։ 

1930-1939 թթ.՝ եղել է Սունդուկյանի անվան թատրոնի երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-1947թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը։ 

1947-1952թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ:

Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ Գեղամ Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սաթյանի ստեղծագործության առանձնահատկություններից են կոմպոզիտորի սերտ կապը մայրենի ժողովրդական երաժշտության ինտոնացիոն ու ռիթմական հարուստ գանձարանի հետ, մեղեդայնությունը, թեմատիկայի հարստությունը, ձևի և բովանդակության ներդաշնակությունը, երաժշտական լեզվի թարմությունն ու յուրօրինակությունը։ 

1939թ.՝ Աշոտ Սաթյանը  պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1947թ.՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումով, 1956թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1952թ.՝ Ստալինյան մրցանակով:
Աշոտ Սաթյանը մահացել է 1958թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում:



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան