Քվեարկություն Երևան քաղաքում Հենրիկ Սիրավյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Հենրիկ Սիրավյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 20.03.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 23.03.2026-06.04.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 4-րդ փողոցն (սկսվում է Դավթաշենի 4-րդ փողոցի հ.1 հասցեի հարակից տարածքից, հատելով Դավթաշենի 1-ին, Պարիս Հերունու և Անդրանիկ Իոսիֆյան փողոցները, հասնում Եղվարդի խճուղի) անվանակոչել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անվամբ՝ «Հենրիկ Սիրավյան փողոց»:
Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան
Կենսագրական տվյալներ
Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թվականի դեկտեբերի 18-ին, Երևանում։
1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը:
1954 թվականից մասնակցել է հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա):
1954-1955 թվականներին Լիդիա Դուռնովոյի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին:
1956 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:
1958-1966 թվականներին աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակե նկարը (1965), Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն (1966), Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի ճեմասրահում՝ «Հայաստան» եռամաս վիտրաժը։
1962 թվականին արժանացել է մրցանակի համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում (Մոսկվա)՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների համար:
1967 թվականին նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ կատարել է «Հայաստան» պաննոն Դամասկոսի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար: 1968 թվականին՝ Պաննո Բրազիլիայի (Ռիո դե Ժանեյրո) տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար:
1969 թվականին արժանացել է մրցանակի «Պիոներ» մանկական ամսագրի լավագույն նկարչական ձևավորման համար:
1975 թվականին մասնակցել է հինգ նկարիչների ցուցահանդեսի Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում:
1977 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչմանը: 1978 թվականին՝ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատվոգրի: 1982 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ ԱԱՊ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանով:
1993 թվականին անհատական ցուցահանդես է կազմակերպել Երևանում` նկարչի տանը:
Սիրավյանի արվեստին բնորոշ են պատկերի պայմանական ընդհանրացումը, նուրբ քնարականությունը, գուներանգների և կոմպոզիցիայի ներդաշնակումն ու կերպարների վառ արտահայտչականությունը։
Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։
Հենրիկ Սիրավյանը մահացել է 2001 թվականի մարտի 16-ին, Երևանում։