Քվեարկություն Երևան քաղաքում Գրիգոր Խանջյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Գրիգոր Խանջյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
0
Icon
437
Icon

Հրապարակման օր՝ 20.03.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 23.03.2026-06.04.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 9-րդ փողոցն (զուգահեռ է Ազատ Շերենցի փողոցին, հասնում է Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի անվամբ՝ «Գրիգոր Խանջյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան


Կենսագրական տվյալներ

Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին, Երևանում։

1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանը և ընտրվել միության ղեկավարման անդամ։ 

1961 թվականին Գրիգոր Խանջյանն արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, իսկ 1963 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 

1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը, իսկ 1969 թվականին, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար, պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ 

Վաստակաշատ նկարիչը 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին՝ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 

1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թվականից՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956թ.), «Երևանի կառուցողները» (1960թ.) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962թ., իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956թ.), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958թ.), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ.), «Սասունցիների պարը» (1975թ.) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ.) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ.), «Հայոց այբուբեն» (1981թ.), «Վարդանանք» (1983թ.) և «Վերածնված Հայաստան» (1994թ.) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ 

Գրիգոր Խանջյանը մահացել է 2000 թվականի ապրիլի 19-ին, Երևանում:



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան