Քվեարկություն Երևան քաղաքում Մետաքսեի անվամբ փողոց անվանափոխելու մասին
Քվեարկություն Երևան քաղաքում Մետաքսեի անվամբ փողոց անվանափոխելու մասին
Հրապարակման օր՝ 16.09.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 17.09.2026-01.10.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցն (սկսվում է Արտաշատի ջրանցքի մոտից, Ռոստովյան փողոցին զուգահեռ, հասնում Ազատամարտիկների փողոց) անվանակոչել հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անվամբ՝ «Մետաքսեի փողոց»:
Կենսագրական տվյալներ.
Հայ բանաստեղծուհի Մետաքսեն ծնվել է 1926 թվականին Արթիկի շրջանի Եգանլար գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղ)։
1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։
1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ և իր ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ավանդ է ունեցել հայ գրականության, մասնավորապես՝ հայ պոեզիայի զարգացման գործում։
1989-1991 թվականներին եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահ։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին, լինելով Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահ, Մետաքսեն մեծ աշխատանք է իրականացրել աղետի գոտում՝ կազմակերպելով օգնություն Գյումրիում և Սպիտակում, այդ թվում՝ միակողմանի և երկկողմանի որբերի համար։
1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում Մետաքսեն ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել է արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը։ Այդ տարիներին նա ակտիվորեն զբաղվել է Արցախյան ազատամարտի մասնակիցներին և նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու և անհրաժեշտ աջակցություն կազմակերպելու աշխատանքներով։
Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առանձնանում են «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և այլ ժողովածուներ, ինչպես նաև 1995 թվականին հրատարակված «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրականության ոլորտում նրա հեղինակած ստեղծագործություններից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։
Մետաքսեի ստեղծագործությունները հրատարակվել են նաև ռուսերեն լեզվով։ Նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և այլ լեզուներով։
Որպես պատվիրակ՝ Մետաքսեն մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոնների՝ իր ստեղծագործություններով ներկայացնելով հայ պոեզիան միջազգային մշակութային հարթակներում։
Մետաքսեն կազմել է «Դափնեպսակ Չարենցին» բանաստեղծությունների ժողովածուն, որի առաջաբանը գրել է Արփենիկ Չարենցը։
Իր ստեղծագործական և հասարակական գործունեությամբ Մետաքսեն նշանակալի ներդրում է ունեցել հայ գրականության և մշակույթի զարգացման, հայ պոեզիայի հանրահռչակման, ինչպես նաև հայրենանվեր և բարեգործական գործունեության ոլորտներում։
Մետաքսեն ստացել է բազմաթիվ մեդալներ, որոնցից են՝ ՀՀ ՊՆ ոսկե և «Զորավար Անդրանիկ» մեդալները (1998 թ.), Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար շնորհված ոսկե մեդալը և Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալը (2004 թ.), ՀՀ ԵԿՄ «Հայաստանի Երկրապահ» մետաքսե հուշամեդալը (2006 թ.), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը, «Զորավար Անդրանիկ» մեծադիր մեդալը և ՀԳՄ գրական վաստակի համար մեդալը (2007 թ.), «Մովսես Խորենացի» մեդալը (2008 թ.) և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը (2011 թ.)։
Մետաքսեն մահացել է 2014 թվականի օգոստոսի 10-ին, Երևանում։