Քվեարկություն Երևան քաղաքում Մարիամ Ասլամազյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Քվեարկություն Երևան քաղաքում Մարիամ Ասլամազյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Icon
0
Icon
30
Icon

Հրապարակման օր՝ 23.11.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 24.11.2026-11.12.2026

Icon

Հասցե՝ Կոտովսկու փողոց

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևանի Կոտովսկու փողոցն անվանափոխել հայ անվանի նկարչուհի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի անվամբ։  

Նախագծի հեղինակներ՝ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյան, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արևիկ Բլեջյանց:

Կենսագրական տվյալներ.

Մարիամ Ասլամազյանը (1907-2006թթ) հայ կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները ներկայացված են աշխարհի շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Ֆրանսիայի։ Նա նշանակալի ավանդ ունի հայկական կերպարվեստի զարգացման և միջազգային ճանաչման գործում։ Արժանացել է Ջավահառլալ Ներուի և Գամալ Աբդել Նասերի անվան մրցանակներին։ Նրա արվեստը հայկական մշակութային ժառանգության կարևոր մասն է, իսկ ստեղծագործական ուղին՝ հայ կնոջ մասնագիտական կայացման, ինքնուրույնության և միջազգային ճանաչման օրինակ։ Նրա անունով փողոցի անվանակոչումը կնպաստի ազգային մշակույթի հանրահռչակմանը և արվեստագետի ժառանգության փոխանցմանը հաջորդ սերունդներին։

Ի հակադրություն՝ Գրիգորի Կոտովսկին Հայաստանի, հայ ժողովրդի, Երևանի կամ երևանցիների պատմության և մշակույթի հետ որևէ նշանակալի պատմական կապ չունի։ Նա ծնվել է Բեսարաբիայում (ներկայիս Մոլդովայի տարածք), իսկ նրա գործունեությունը հիմնականում կապված է Բեսարաբիայի և Օդեսայի տարածաշրջանների հետ։ Կոտովսկու նախահեղափոխական կենսագրությունը կապված է քրեական գործունեության հետ։ Նա ղեկավարել է ավազակային խմբեր, որոնց գործունեությունը ներառել է կողոպուտներ։ 1907 թվականին այդ գործունեության համար դատապարտվել է 12 տարվա տաժանակրության։ Սակայն պատիժն ամբողջությամբ չի կրել․ 1913 թվականին փախուստի է դիմել տաժանավայրից։ Որոշ ժամանակ թաքնվելուց և տարբեր աշխատանքներ կատարելուց հետո՝ 1915 թվականին, կրկին գլխավորել է ավազակախումբ Բեսարաբիայում և վերսկսել կողոպուտները։ 1916 թվականին նրա նկատմամբ կրկին կայացվել է դատավճիռ՝ 2 ավազակային հարձակումների և կողոպուտների համար, այս անգամ մահապատժի ձևով՝ կախաղանի միջոցով։ Սակայն մինչև մահապատժի իրականացումը նա նամակ է գրել գեներալ Ալեքսեյ Բրուսիլովի կնոջը՝ Նադեժդա Բրուսիլովային, ընդունելով իր մեղավորությունը, զղջում հայտնելով և խնդրելով նրա միջնորդությունը՝ մահապատժից փրկվելու համար։ Արդյունքում Նադեժդա Բրուսիլովան դիմել է ամուսնուն՝ խնդրելով միջամտել Կոտովսկու գործին և նույն թվականին գեներալ Բրուսիլովը մահապատիժը փոխարինել է անժամկետ տաժանակրությամբ։ 1917 թվականին Կոտովսկին ազատ է արձակվել՝ Ռումինական ռազմաճակատ ուղարկվելու նպատակով։ Հետագայում դառնում է խորհրդային ռազմական գործիչ: Մահանում է 1925 թ-ին՝ Օդեսայի մերձակայքում սպանության հետևանքով:

 Սույն նախագծի մյուս կարևոր հանգամանքը Երևանի փողոցների անվանումներում կանանց սակավ ներկայացվածությունն է։ Հայ կանայք նշանակալի ներդրում են ունեցել ազգային մշակույթի, արվեստի, գիտության, կրթության և հասարակական կյանքի զարգացման գործում, սակայն նրանց անունները դեռևս բավարար չափով ներկայացված չեն մայրաքաղաքի հանրային տարածքներում։ Անհրաժեշտ է ավելի մեծ տեղ հատկացնել հայ նշանավոր կանանց հիշատակի հավերժացմանը՝ բարձրացնելով նրանց պատմական դերի հանրային ճանաչումը և ստեղծելով արժանապատիվ օրինակներ երիտասարդ սերնդի համար։

Կո՞ղմ եք փողոցի անվանափոխմանը


Image Description

Քվեներ բլոկչեյնում



Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան