Քվեարկություն Երևան քաղաքում Վլադիլեն Բալյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Քվեարկություն Երևան քաղաքում Վլադիլեն Բալյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Icon
0
Icon
18
Icon

Հրապարակման օր՝ 23.10.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 24.10.2026-16.11.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է . Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցը՝ նրբանցքներով, անվանափոխել հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի անվամբ՝ «Վլադիլեն Բալյան փողոց» (սկսվում է Աբելյան փողոցից, հասնում՝ Բեկնազարյան-Մելքումովի փողոցների խաչմերուկ),  «Վլադիլեն  Բալյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է հ.7 և հ.9 շենքերի մոտից, հասնում Երևանի հ. 102 հիմնական դպրոց), «Վլադիլեն Բալյան փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է հ.11 և հ.13 շենքերի մոտից, հասնում՝ Բաշինջաղյան փողոցի փակուղի):

Նախագծի հեղինակներ՝ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյան, Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հեղինե Ոսկանյան:


Կենսագրական տվյալներ.

Վլադիլեն Բալյանը ծնվել է Երևանում՝ 1924 թվականի ապրիլի 25-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժինները։ Իր երկարամյա գործունեությամբ նա նշանակալի ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման, ազգային երաժշտական ժառանգության պահպանման և տարածման, ինչպես նաև Հայաստանի մշակութային կյանքի կազմակերպման գործում։

Բալյանը ղեկավարել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումները, Երևանի պարարվեստի ուսումնարանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ 1966 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը կարևոր դեր է ունեցել հայ դասական երաժշտության ժառանգության պահպանման գործում։ 1965 թվականին նա կազմակերպել է Երևանում Բենջամին Բրիտտենի փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ՝ նպաստելով մայրաքաղաքի միջազգային մշակութային կապերի զարգացմանը։

Վլադիլեն Բալյանի վաստակը ճանաչվել է պետական և հանրային մակարդակներում։ Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման և «Մովսես Խորենացի» մեդալի։ 2020 թվականին Երևանի ավագանու որոշմամբ նրան շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, Երևանի մշակութային զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված գործունեության համար։ 

Վլադիլեն Բալյանի անվամբ փողոցի անվանափոխումը կարևոր նշանակություն ունի Երևանի պատմամշակութային հիշողության պահպանման և ազգային մշակույթի ականավոր ներկայացուցիչների վաստակի հավերժացման տեսանկյունից։ Նրա կենսագրությունը, ստեղծագործական ժառանգությունն ու հասարակական գործունեությունն անմիջականորեն կապված են Հայաստանի, հայ ժողովրդի և Երևանի հետ։ Նա ոչ միայն հայ երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչ էր, այլև իր գործունեությամբ մասնակցել է մայրաքաղաքի մշակութային կյանքի ձևավորմանն ու զարգացմանը։

Յուլիոս Ֆուչիկը չեխ գրող, լրագրող և գրական քննադատ էր, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ՝ 1921 թվականից ։ Նրա անունը խորհրդային ժամանակաշրջանում տրվել է տարբեր քաղաքների փողոցների և հանրային տարածքների։  Ներկայումս նույնիսկ իր հայրենիքում՝ Չեխիայում, ինչպես նաև Սլովակիայում անվանափոխվել են նրա անվան փողոցները, մասնավորապես այս երկու երկրների մայրաքաղաքներում, Պրահայում Ֆուչիկովա (Fučíkova) փողոցը վերանվանվել է Կոլբենովա (Kolbenova), իսկ Բրատիսլավայում՝ Մեդենա (Medená): Չեխիայի մյուս քաղաքներում ևս այսպիսի անվանափոխումներ են տեղի ունեցել, որոնցից Օստրավա քաղաքում՝ Ֆուչիկովա (Fučíkova) փողոցը վերանվանվել է Պոռուբսկա (Porubská), Ուստի նադ Լաբեմում՝ Մասարիկովա (Masarykova), Հոստիվիցեում՝ Չեսկա (Česká), իսկ Սլովակիայի Միխալովցե քաղաքում՝  Շտեֆանիկովա (Štefániková)։ 

Յուլիոս Ֆուչիկի կենսագրության մեջ չի արձանագրվում Երևանի, երևանցիների, Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ անմիջական պատմական կապ, մինչդեռ Վլադիլեն Բալյանի անվամբ փողոցի անվանափոխումը կլինի հայ ազգային մշակույթի նկատմամբ հարգանքի, մայրաքաղաքի պատմամշակութային հիշողության պահպանման և Երևանի հետ անմիջականորեն կապված ականավոր գործչի վաստակի հավերժացման կարևոր քայլ:

Կո՞ղմ եք փողոցի անվանափոխմանը


Image Description

Քվեներ բլոկչեյնում



Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան