ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

suggest image
Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

08-08-2019

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները: