Մատչելիության ինքնագնահատման համակարգ

Գիտություն և նորարարություն

18-09-2019

ՄՀ

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Թեև հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիության պարտադիր լինելն ամրագրված է օրենքով շուրջ 30 տարի, մշակված են բազմաթիվ իրավական ակտեր, սակայն այն դեռ խորթ է տնտեսվարող սուբյեկտների և հանրությանն այլ ծառայություններ մատուցողների համար։ Մատչելիության պահանջը հաճախ արժանանում է հակազդեցության ցածր իրազեկվածության և որոշ պայմանների անհնարին թվալու պատճառով։ Բարեկարգման շրջանակներում մատչելիության ապահովմանն ուղղված քայլերն էլ հաճախ անարդյունավետ են, քանի որ լայն շրջանակների համար հասանելի չէ մատչելիության շինարարական նորմերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ ոչ մասնագիտական լեզվով։ 

Ծրագրային առաջարկի նպատակը Երևանում հանրությանը մատուցվող ծառայությունների մատչելիության և հաշմանդամության առումով զգայունության ապահովումն է։ Ծրագրի խնդիրներն են՝

  • ծառայությունների մատչելիության ապահովմանն աջակցելը, 
  • ծառայություն մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ծառայությունների մատչելիության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
  • մատչելի ծառայություններ մատուցողների խրախուսումը։ 

Ծրագրի արդյունքում կարող է ակնկալվել յուրաքանչյուր տարում ծառայություն մատուցող շուրջ 2000 անձի մասնակցություն գնահատման գործին։

Լուծում

Նշված խնդիրներին հասնելու համար առաջարկվում է ստեղծել ինտերակտիվ հարթակ, այդ թվում՝ հեռախոսային հավելված, որի օգնությամբ ծառայություն մատուցող ընկերությունները կարող են անցնել մատչելիության ինքնագնահատում՝ հասկանալու համար, թե որքանով են իրենց ծառայությունները հարմար հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ Օրինակ՝ որքանով է ընկերության թիմը պատրաստ ծառայությունների մասին տեղեկություն տրամադրել լսողության խնդիրներ ունեցող հաճախորդին, գնումներ կատարելիս աջակցել կույր անձին, խորհրդատվություն տրամադրել մտավոր խնդիրներ ունեցող անձին վարսերը հարդարելիս և այլն։ Ինքնագնահատման համակարգը թույլ կտա գնահատել նաև ֆիզիկական միջավայրը։ Օրինակ՝ ինչպես մատչելի դարձնել ապակե դռները, որ դրանք տեսանելի դառնան թույլ տեսողություն ունեցող անձանց համար, որտեղ տեղադրել բռնակներ կամ կոճակներ օգնություն հայցելու համար։ 

Ինքնագնահատման արդյունքում տնտեսվարողը կունենա իր ծառայության մատչելիության ընդհանուր գնահատականը և կստանա համապատասխան խորհուրդներ այն հարցերի վերաբերյալ, որին չի համապատասխանել։ Հարթակում կարող են նաև արձանագրվել ընկերությունների ինքնագնահատման արդյունքները, որն էլ օգտակար ռեսուրս կդառնա հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամների համար՝ միաժամանակ խրախուսելով մատչելի ծառայություններ մատուցող ընկերություններին։

Համակարգը հնարավորություն կտա մշակել բաց տվյալներ, որոնք կարող են կարևոր լինել տարբեր քաղաքականություններ մշակելիս։ Օրինակ՝ հասկանալու համար, թե ծառայությունների հատկապես որ ոլորտն է թերանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սպասարկելիս, ֆիզիկական մատչելիության որ հարցում տնտեսվարողներն ունեն աջակցության կարիք և այլն։ Հարթակը կարող է նաև ավտոմատ գեներացնել մատչելիության վերաբերյալ պիտակ, որը տնտեսվարողը կարող է օգտագործել սոցիալական ցանցերում կամ իրականում՝ փակցնելով տեսանելի վայրում։ 

Ծառայություն մատուցողը, բացի քաղաքաշինական նորմերի մասին պարզ և պատկերային տեղեկությունների ստանալուց, հարթակի միջոցով կկարողանա գտնել նաև պարզ հարցերի պատասխաններ՝ ինչու է տնտեսապես շահավետ ունենալ սայլակ օգտագործող անձանց համար մատչելի ծաղկի սրահ, ինչպես պետք է ձևափոխել դռան բռնակը, որ հարմար լինի մարդկանց ավելի լայն խմբերին, որտեղ կարելի է սովորել հայերեն ժեստերի լեզու և այլն։ Հարթակը կարող է դառնալ մատչելիության վերաբերյալ ստեղծված և տարբեր նախաձեռնությունների կողմից պարբերաբար մշակվող տեղեկատվական նյութերի պահոց, քանի որ դրանց կենտրոնացված չլինելը հաճախ արդյունավետ չէ։

Հարթակի մասին շարունակական իրազեկվածությունը կարելի է բարձրացնել նաև սահմանելով մատչելիության փոքր դրամաշնորհ այն տնտեսվարողների համար, որոնք անցել են ինքնագնահատման համակարգով և ունեն աջակցության կարիք փոփոխություններ անելու համար։

Համակարգի անխափան աշխատանքը և զարգացումը կարելի է կազմակերպել պատվիրակման միջոցով։ 

Առաջարկին կից, որպես օրինակ, ներկայացվում է նաև ÖZIV ավստրիական ՀԿ-ի «Արգելքների ստուգացանկի» հղումը։ Կայքը ստեղծվել է 2015-ին և  արժեցել է 13,000 եվրո, որը ֆինանսավորվել է Ավստրիայի Առևտրի պալատի կողմից։

Հասցե` Հայաստան, Երևան, Ամիրյան փողոց

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
12 մայրաքաղաք

06-08-2019

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համոզված եմ, որ արդիական է «12-րդ մայրաքաղաք» գունազարդ և եռալեզու հանդեսի լույսընծայումը, որը և երևանաբնակներին,և հյուրերին կներկայացնի աշխարհի հնագույն քաղաքը՝ իր ողջ հմայքով, զարմանալի եղելություններով, ավանդույթներով և ներկա զարգացումներով։

Հանդեսի խորագրերը այն կներկայացնեն ողջ գալիք ասելիքով։ Եվ․․․ հմայքով։


Հինավուրց քաղաքի հևքը (եղելություններ՝ կապված Երևանի ծագման հետ)
Երևանը խաչմերուկում (նշանավոր ճանապարհորդների հուշագրությունը)
Թամանյանի արեվային քաղաքը (ներկայացվում են ճարտարապետի ոչ այնքան հայտնի գործերը, Երևանի ՀԷԿ-ը,անկյունային շենքը Սայաթ-Նովա և Տերյան փողոցների խաչմերուկում և այլն)
Քաղաքի Ազնվական կնքահայրեր (քաղաքաշինարարներ, ճարտարապետներ, քանդակագործներ․․․Իսրայելյան, Մերկուրով, Կնտեղցյան․․․)
ԲՈՀԵՄ (Երևանի սրճարան հանճարանոցները, օր․<<Սկվազնյաչոկ>>․․․)
Ընհատակյա քաղաք (մայրաքաղաքի հետնաբեմը՝ Գետառ գետ)
XIII քաղաքամայր (Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական շեղումները՝վերջին 100 տարում)
Նորագույն քաղաքի հևքը (ներկա զարգացումները․․․)

Տեսնել բոլորը