Հարթակի կանոններ

Սիրելի՛ Օգտատեր,

խնդրում ենք ուշադիր ծանոթանալ «Ակտիվ քաղաքացի» հարթակի կանոններին և հետևել դրանց:

 

Հարթակում գրանցման կանոններ

«Ակտիվ քաղաքացի» հարթակում կարող են գրանցվել ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք, որոնք ունեն հանրային ծառայության համար (սոցիալական քարտի համար) և անձնագիր և/կամ նույնականացման քարտ:

Գրանցման ընթացքում պարտադիր է նաև լրացնել և հաստատել բջջային հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:

 

Առաջարկների ընդունման և հրապարակման կանոններ

Նախ և առաջ պետք է իրարից տարանջատել առաջարկներն ու խնդիրները, քանի որ տվյալ Հարթակը նախատեսված է Երևան քաղաքն ավելի հարմարավետ, գրավիչ և բարեկարգ դարձնելու գաղափարների ընդունման և իրականացման համար:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջարկները կարող են ներկայացնել միայն Կայքում գրանցված Օգտատերերը:

Ակտիվ քաղաքացի հարթակին ուղարկված առաջարկները դիտարկվում են, որպես քաղաքացիների ընդհանուր սեփականություն, իսկ սկզբնական գաղափարը կարող է որոշ չափով ձևափոխվել քննարկումների, ուսումնասիրությունների և  խորհրդատվական գործընթացի ընթացքում:

Երևան քաղաքին իրավունք է վերապահում օգտագործել Ակտիվ քաղաքացի հարթակում ներկայացված գաղափարները:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:

Հարթակին ուղարկվող առաջարկները, հրապարակվելու և իրականացման հավակնորդ դառնալու համար պետք է.

  • լինեն հանրօգուտ գաղափարներ և չհետապնդեն անձնական կամ խմբային շահ,
  • լինեն ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, բացի պահպանման ծախսերից,
  • ներկայացվեն կիրթ և գրագետ (մեսրոպատառ) հայերենով,
  • չոտնահարեն այլ անձանց իրավունքները,
  • լինեն իրականանալի և իրագործելի,
  • լինեն հայերենով և մեսրոպատառ,
  • համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը, Երևանի ավագանու որոշումներինԵրևանի քաղաքապետի որոշումներին կամ այլ օրենսդրական և/կամ ենթաօրենսդրական ակտերին և դրույթներին:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում չեն հրապարակվում առաջարկներ, որոնք պարունակում են.

  • անհարգալից բառապաշար, ինչպես նաև վիրավորական արտահայություններ` այդ թվում, ռասսայական, կրոնական  կամ այլ ուղղվածության,
  • բռնությանն կամ ապօրինի գործողությունների կոչեր,
  • սեռական ծառայություններ և ապրանքատեսակներ, մարմնավաճառություն, պոռնոգրաֆիա, այդ թվում՝ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ,
  • նյութական օգնության խնդրանք և առաջարկ,
  • խաբեություն, շորթում, նյութական օգնության խնդրանք և առաջարկ,
  • ազգային, ռասայական, կրոնական, սեռական խտրականություն,
  • դեղորայքի, թմրանյութերի և մարդկային օրգանների առք ու վաճառքի մասին առաջարկներ,
  • աշխատանքի առաջարկ, ինչպես նաև ինտերնետում գումարի վաստակման առաջարկ,
  • առաջարկներ օկուլտային թեմայով` բախտագուշակություն, սատանիզմ, մոգություն, էքստրասենսոր ծառայություններ և այն,
  • կասկածելի ֆինանսական ծառայությունների առաջարկներ,
  • գովազդային առաջարկներ և ծառայությունների նկարագրեր,
  • գյուտարարության և գիտական աշխատանքների, ինչպես նաև կոմերցիոն նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցություն,
  • ՀՀ օրենսդրությամբ արգելվող ցանկացած այլ գործողություն: 

Առաջարկների հրապարակման կանոններին չհամապատասխանող գաղափարները չեն տեղադրվի «Ակտիվ քաղաքացի» հարթակում:

Շահերի բախումից հնարավորինս զերծ մնալու նպատակով «Ակտիվ քաղաքացի» հարթակի պատասխանատուների և ադմինիստրացիայի կողմից առաջարկներ չեն ընդունվում: 

Ձեր առաջարկը չի հրապարակվի հարթակում նաև այն դեպքում, եթե նման ծրագիր արդեն իսկ իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Երևանի զարգացման ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հարթակի կանոններին համապատասխանող առաջարկների հրապարակումը իրականացվում է հնարավորինս սեղմ և պատշաճ ժամկետներում, ինչն անհրաժեշտ է առաջարկների ուսումնասիրության համար, սակայն ոչ ուշ, քան քվեարկության մեկնարկը: 

Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի խմբագրելու առաջարկի բովանդակությունը՝ անարգող արտահայտությունները հեռացնելու, ուղղագրական սխալներն ուղղելու և այլ շտկումներ կատարելու նպատակներով: 

Ստացված առաջարկների հետ կապված հարցերի դեպքում Հարթակի ադմինիստրացիան իրավունք ունի կապ կհաստատել առաջարկն ուղարկող Օգտատիրոջ հետ ճշտումներ իրականացնելու նպատակով:

Առաջարկի հրապարակման կամ մերժման մասին Օգտատերը ստանում է համապատասխան ծանուցում իր էլ. հասցեին:

 

Քվեարկության կանոններ

«Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններին իրավունք ունեն մասնակցել համակարգում գրանցված, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, Երևանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված 

  • մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները,
  • մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե վերջիններս ունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար),
  • մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում չունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք Երևան համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազարկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված: (!) Տվյալ կետին համապատասխանող քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել հարթակի ադմինիստրացիայի հետ՝ համապատասխան ճշտումներ իրականացնելու համար: 

«Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններին իրավունք չունեն մասնակցել համակարգում գրանցված և քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են և կրում են պատիժ:

Քվեարկել հնարավոր է մեկ և ավելի առաջարկի օգտին:

Կատարված քվեարկությունը հնարավոր չէ ձևափոխել կամ չեղարկել, քանի որ այն հաստատվում է ապակենտրոնացված և բաշխված համակարգում՝ Blockchain տեխնոլոգիայի միջոցով:

 

Առաջարկների իրականացման կանոնները

Իրականացման հավակնում են այն առաջարկները, որոնք քվեարկության արդյուքում կհավաքեն ամենաշատ ձայներ և որոնց իրականացման բյուջեն ըստ հիմնական նախագծի նախահաշվարկային առաջադրանքի չի գերազանցի  30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:

Քվեարկության արդյունքում նվազման կարգով՝ ըստ առավելագույն ձայների բաշխվածության հաջորդականության, իրականացմանը կհավակնի Հարթակի կանոններին և առաջարկի բյուջեի սահմանաչափին համապատասխանող հաջորդ առաջարկը:

Առաջարկի իրականացման համար կազմվում է նախագծանախահաշվարկային առաջադրանք և հայտարարվում է բաց մրցույթ:

Ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

 

Մեկնաբանությունների կանոններ

«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջարկները կարող են մեկնաբանվել միայն Կայքում գրանցված Օգտատերերը:

Մեկնաբանությունները չպետք է պարունակեն անպարկեշտ, վիրավորական, այլ անձանց իրավունքները ոտնահարող արտահայտություններ, ինչպես նաև գովազդի տարրեր և ծառայությունների նկարագրեր:

Հարթակի ադմինիստրացիան իրավունք ունի իր հայեցողությամբ հեռացնելու մեկնաբանությունները:

 

(!) Հարթակի կանոնները միտումնավոր խախտող օգտատերերի մուտքը կարող է արգելափակվել Կայքի ադմինիստրացիայի կողմից:

 

Հրապարակված է՝  01.07.2019թ